Աբովյան քաղաքի սպորտի և մշակույթի կենտրոնը համալրվեց լրիվ նոր ծանրաձողերով:
ԿԳՄՍ նախարարության ջանքերով Հայաստանի ծանրամարտի հավաքականը ստացավ 1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի հավաքածու՝ 10-ական՝ տղամարդկանց և կանանց համար: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ սա շատ կարևոր քայլ է, և այսքանը այս պահի խնդիրների լուծման համար բավական է, իսկ մարզիկները իրենց շնորհակալությունը կհայտնեն մեդալների տեսքով:
Մարզչի խոսքով՝ IWF-ի կողմից Տոկիո-2020-ի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքը կծառայի 25-30 տարի:
Նախքան մրցաշարերի մեկնարկը միջազգային մրցահարթակներում հայ ծանրորդները մարզվել են այս գույքով: Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում օգտագործվում է հենց այս ընկերության մարզագույքը: Ծանրորդ Սամվել Գասպարյանի խոսքով՝ այն աշխարհում լավագույններից մեկն է։
Հայաստանը 111 միլիոն դրամ գումար է հատկացրել նոր մարզաձողերի ձեռքբերման համար, որպեսզի ծանորդներն ունենան անհրաժեշտ ամենը, ինչը կօգնի նոր հաղթանակներ կերտելու համար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ մարզագույք ստացել է ոչ միայն հավաքականը, այլ նաև այն մարզադպրոցները, որոնք իսկապես արդյունք են ցույց տալիս:
Փոխնախարարը նաև նշեց, որ ապագայում ևս նախատեսվում է նոր մարզագույք ձեռք բերել:
Հիշեցնենք, որ Տոկիոյում կայանալիք 32-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ):
Հեղինակ՝ Մարիամ Նազարյան