Արտահերթ ընտրության արդյունքները վիճարկող միավորված դիմումների քննությունն ավարտվել է: Սահմանադրական դատարանում կողմերը դատավարութան 6-րդ օրը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով: 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները, վերահաստատել են իրենց դիմումներում ներառված պնդումները: Պատասխանող կողմը եզրափակիչ ելույթում հակառակն է պնդել:
ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցրել է, որ ԿԸՀ-ն առաջնորդվել է բացառապես Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի պահանջներով, հավելել է նաև, որ բուն գործի քննության ընթացքում ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու հիմքեր չեն հաստատվել ու չեն ամրագրվել:
Որպես 3-րդ կողմ ներկայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը եզրափակիչ ելույթում նշել է. «Ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննարկումը բացառիկ էր տառերի, տողերի, նախադասությունների քանակով, բայց ոչ բովանդակության առումով»:
Բադասյանն անդրադարձել է նաև հայտարարությանը, թե Հայաստանում 3 տարի է՝ մեկ քաղաքական ուժ է կայացնում բոլոր որոշումները:
Ռուստամ Բադասյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ) - Ի՞նչ չի կարելի անել Բարձր դատարանում. չի կարելի ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք հեշտությամբ կստուգվեն և անմիջապես կհերքվեն Բարձր դատարանում, չի կարելի Բարձր դատարանում իրավաչափ գործողությունները ներկայացնել որպես ոչ իրավաչափ և այդ հիմքով պնդել, որ ընտրության արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր:
Որևէ դեպքում չի կարելի սահմանադրական մարմնում վիրավորական արտահայտություններ անել մեկ այլ սահմանադրական մարմնի հասցեին:
Հնչեց նաև այսպիսի մի միտք՝ 3 տարի է՝ Հայաստանում բոլոր որոշումները կայացնում է մեկ ուժ, չի կարելի թույլ տալ, որ բոլոր որոշումները կայացվի մեկ ուժի կողմից: Այդ մեկ ուժի անունը Հայաստանի Հանրապետության ժողովուրդ է, ժողովուրդը իր կամքն արտահայտել է, ժողովուրդը կատարել է ընտրություն, և ՀՀ-ն ունի ժողովրդավարական ապագա: