Դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Գորիսի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Առուշ Առուշանյանին կալանավորելու թույլտվություն ստանալու համար. տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են դատախազությունից:
Քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացումը խոչընդոտելու հոդվածով:
Ավելի վաղ, քրեական հետապնդում էր սկսվել, և կալանավորվել էին Մեղրի համայնքի արդեն նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը:
Զաքարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, Փարամազյանը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:
Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացրել նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: