Գյումրու կենտրոնական՝ Մայակովսկի, Մադոյան, Մազմանյան փողոցներն ընդգրկված են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակվությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում, և կապիտալ շինարարական աշխատանքներն արդեն վերջնական փուլում են։ Աշխատանքների որակն այս անգամ Սուրեն Պապիկյանը գնահատեց «լավ»։
ՎԶԵԲ ծրագրով 23 փողոց և հատված շահագործման կհանձնվի այս տարի, երկարությունը՝ 13,5 կմ, ընդհանուր արժեքը՝ 4 մլրդ 600 մլն դրամ։ Հիմնանորոգումն ընդգրկում է նաև կոյուղու և ջրահեռացման համակարգի կառուցում։ ՎԶԵԲ աջակցությամբ փողոցաշինությունն այս տարի կավարտվի, խնայողությունների հաշվին Գյումրու քաղաքապետարանը նոր ծրագիր կսկսի։
Սուրեն Պապիկյանը Գյումրիում հայտարարեց նաև նոր ծրագրի մասին, այն այս անգամ ընդգրկում է Գյումրու կոլորիտային միջուկի մեկ այլ հատված՝ Սլաբոդկա թաղամասը։ Ծրագիրը դեռ քննարկման փուլում է, կարճ ժամանակ հետո այն մանրամասն կներկայացնեն։
Անօթևանի կարգավիճակ ունեցող ընտանիքների հարցը ևս քննարկում են։ Գյումրու քաղաքապետն ու Շիրակի մարզպետն առաջարկություն են ներկայացրել. սկսել պետական բնակարանաշինություն Գյումրիում։
Պապիկյանը լրագրողների խնդրանքով պատասխանեց նաև քաղաքական հարցերի: Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններում քաղաքական ոչ մի տարր չկա՝ վստահեցրեց նա։
Հոկտեմբերին Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ՏԻՄ ընտրություններ են։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ որոշում չունի՝ ում կառաջադրի Հայաստանի երկրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնի համար:
Կառավարություն-ՏԻՄ գործակցությամբ Գյումրիում թարմացվում է տրանսպորտը, քննարկվում սպորտի թանգարան բացելու հարցն ու ճանապարհաշինական նոր ծրագրեր՝ ամփոփեց Պապիկյանը։