Գլխուղեղի կաթվածները լինում են երկու տեսակ, երբ անոթը փակվում է, այսինքն՝ իշեմիկ, և երբ անոթը պատռվում է՝ հեմոռագիկ: Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիր Հայաստանում գործում է 2019-ից: Ծրագրի մեկնարկից ի վեր անվճար բուժօգնություն է ստացել շուրջ 1000 քաղաքացի: Միայն 2020-21 թթ.՝ 300 մարդ:
Արմինե Աղաջանյան, ՀՀ ԱՆ հիվանդանոցային բժշկական օգնության բաժնի գլխավոր կազմակերպիչ - Եթե մինչև ծրագրի ներդրումը գլխուղեղի իշեմիկ կաթվածով խոշոր անոթի վնասման դեպքում պացիենտների 2/3-ը կամ ծանր հաշմանդամ էին դառնում, կամ մահանում էին, այժմ ծրագրի ներդրման ընթացքում կարելի է փաստել, որ բուժօգնություն ստացած պացիենտների 65-70 տոկոսը դառնում է ինքնասպասարկվող:
Ըստ վիճակագրության՝ 2005-ին գլխուղեղի անոթային հիվանդությունից մահացությունը եղել է 4000, 2010-ին՝ շուրջ 3000, 2015-ին՝ 2400, իսկ 2019-ին՝ շուրջ 2000: Մահվան ցուցանիշն իջնում է, որովհետև ծրագրի շահառուների թիվն է ավելանում: Զուգընթաց՝ ավելանում է նաև պետական բյուջեից տրամադրվող գումարը:
Արմինե Աղաջանյան - 2019 թ. ՀՀ պետական բյուջեից տվյալ ծրագրի համար փոխանցվել է 650 մլն դրամ, 2020-ին՝ 870 մլն դրամ, իսկ 2020-21 թթ.. նախատեսված է 1 միլիարդից մի փոքր ավել:
Այժմ ծրագրով անվճար բուժօգնություն են տրամադրում Երևանի երեք խոշոր հիվանդանոցները: Առաջիկայում ծրագիրը կներդրվի նաև Գյումրիում և Վանաձորում:
Եկատերինա Հովհաննիսյան, «Հերացի» 1-ին հիվանդանոցային համալիրի նյարդաբանական ծառայության ղեկավար - Բուժումն այս պարագայում նոր մոտեցումներն են: Եթե մանր անոթներն են խցանված, ստանալ դեղորայք, իսկ եթե խոշոր անոթ, բացի դեղորայքից անոթի միջից հեռացվում է տրոմբը:
Շահառուները, անկախ տարիքային խմբերից, բոլոր նրանք են, ովքեր կաթվածի առաջին 4 ժամերի ընթացքում հասցնում են դիմել հիվանդանոց և հակացուցում չունեն դեղորայքը կամ միջամտությունը ստանալու համար: Բայց լինում են դեպքեր, երբ պացիենտները հիվանդանոց հասնելով շատ վաղ, ծրագրում չեն ընդգրկվում:
Եկատերինա Հովհաննիսյան - Որովհետև, ցավոք, կան մի շարք հակացուցումներ: Ծանր հիվանդություններ, չկառավարվող զարկերակային ճնշում, հաշմանդամություն, այդ պահին առաջացած արյունահոսություն: Այդ պարագայում մենք չենք կարող մարդուն տրոմբոլիզիս անել, որովհետև արյունը ջրիկացնելով՝ կարող ենք վնասել:
Վիճակագրությունը ցույց է տվել, որ սպասարկվող պացիենտների 80 տոկոսը Երևանից է, 20 տոկոսը՝ մոտակա մարզերից՝ Արմավիր, Արագածոտն, Կոտայք:
Եկատերինա Հովհաննիսյան - Կաթվածները հանդիպում են ավելի բարձր տարիքային խմբերում 65+, ավելի շատ՝ 74-ից բարձր տարիքային խմբում: Ցավոք, ունենք հիվանդության երիտասարդացում, և այն կարող է հայտնվել նաև երիտասարդների մոտ:
Երիտասարդներից ավելի հաճախ կանանց մոտ է հանդիպում՝ պայմանավորված հղիության բարդություններով, համակարգային հիվանդություններով և հակաբեղմնավորիչների ընդունմամբ: Իսկ ընդհանուր վիճակագրության մեջ իշեմիկ կաթվածներով առաջատարը տղամարդիկ են:
Եկատերինա Հովհաննիսյան - Կան 10 ռիսկի գործոն, որոնք կարող են բերել գլխուղեղի կաթվածի առաջացման: Ամենակարևորը՝ տարիքն է, երկրորդը՝ տղամարդկանց մոտ տարիքին զուհագեռ ավելի հաճախ է հանդիպում զարկերակային ճնշում, ավելորդ քաշ, շաքարային դիաբետ:
Չնայած մահացության և հաշմանդամության մեծ ցուցանիշին, իշեմիկ կաթվածները հանդիսանում են ամենականխարգելվող հիվանդությունը՝ մահաբերների շարքում: Եթե ճիշտ հետևենք մեր օրգանիզմին, ապա շուրջ 90 տոկոսով կկանխարգելենք կաթվածները: