Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հուլիսի 14-ի առավոտը սկսվել է ադրբեջանական սադրանքով: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել, իսկ հայկական կողմի՝ աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայող է զոհվել:
«Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը»:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է՝ կորուստներ ունի նաև սադրանքն իրականացրած կողմը: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների համաձայն, ունեն մեկ վիրավոր:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրանքը և նախազգուշացնում, որ դրանք արժանանալու են կոշտ հակազդման: Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Մեկ այլ դեպք էլ գրանցվել է Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ: Ըստ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ լուսադեմին մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը զորամասերից մեկի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռ արդյունք չեն տվել։
Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի Զինուժի ներկայացուցիչների հետ քննարկվում է Նալբանդյանի և Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։ Ի դեպ, Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի:
Իրավիճակն անհանգիստ է եղել նաև գիշերը, Ադրբեջանի օկուպացրած Շուշիի մոտակայքում: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել է՝ ադրբեջանական կողմից արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել:
Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե, իբր, հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-ից 21:45-ի սահմաններում, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության բանակն ընդգծել է՝ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան