Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Քաբուլի միջազգային օդանավակայանի անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են:
Որոշ հարցերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ հայտնում է Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը:
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հրաժարվել է պատասխանել բանակցություններում առաջընթացի մասին հարցին` ասելով, որ դրանք շարունակվում են՝ հայտնում է Ahval-ը: Թուրքիան քաղաքական և ֆինանսական աջակցություն է խնդրել օդանավակայանի անվտանգության ծրագրի համար:
Քաբուլի օդանավակայանի անվտանգության պաշտպանության պատրվակով Անկարան համառորեն ցանկանում է հաստատվել Աֆղանստանում: Մինչդեռ այդ երկրում իշխանության հավակնող թալիբները մերժում են ցանկացած պետության, այդ թվում մահմեդական Թուրքիայի ներկայությունն Աֆղանստանում: Թալիբանը զգուշացրել է Անկարային՝ չշարունակել զորքերի տեղակայումը, հակառակ դեպքում Թուրքիան կընկալվի որպես զավթիչ տերություն: