ՌԴ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել հուլիսի 8-9-ը Մոսկվայում թալիբների հետ կայացած բանակցություններից՝ հայտնել է РИА Новости-ն: Ռուսական կողմը վերահաստատել է Աֆղանստանում իսլամական էմիրությունը վերականգնելու անընդունելիությունը, «Թալիբանն» էլ համաձայնել է, որ բանակցությունների ընթացքում աֆղանական հակամարտության կողմերը պետք է որոշեն երկրում ապագա կառավարման ձևը:
Նախատեսվել է ստեղծել անցումային կառավարություն՝ դադարեցնել պատերազմը, որպեսզի չփլուզվի պետական կառավարումը: «Թալիբանը», դառնալով Աֆղանստանի նոր, ապագա ղեկավարության մի մասը, պետք է մասնակցի և պատասխանատվություն կրի:
Շարժումն ամենաբարձր մակարդակով երաշխիքներ է տվել Մոսկվային, որ Աֆղանստանի տարածքը չի օգտագործվի երրորդ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի պետությունների դեմ:
Մոսկվան զգուշացրել է, որ «Թալիբանի» կողմից Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի դաշնակիցների անվտանգությունը վտանգելու ցանկացած փորձի դեպքում թալիբները մեծ կորուստներ կկրեն: Շարժման ղեկավարությունը երաշխավորել է նաև Ռուսաստանի դիվանագետների անվտանգությունը Աֆղանստանում: