Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:
Միջադեպի կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել:
«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:
Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում է:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: