ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել 2020 թ․ 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության համար զոհված՝ ՏԿԵ նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Պետրոսի Չախալյանի հիշատակին նվիրված միջոցառում։
Միջոցառմանը մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, Հայկ Չախալյանի ծնողները, ընկերները, գործընկերները, դասախոսները։ Փոխնախարար Լիլիա Շուշանյանը նախարարի պաշտոնակատարի և նախարարության աշխատակիցների անունից երախտիքի խոսքեր է հղել Հայկ Չախալյանի ծնողներին և նրանց փոխանցել է խորհրդանշական մեդալ՝ ի նշան հանուն հայրենիքի պաշտպանության զոհված նախկին աշխատակցի հանդեպ երախտագիտության։
ՀՀ ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ ընդերքաբանական փորձաքննության բաժնի աշխատասենյակը անվանակոչվել է Հայկ Չախալյանի անվամբ:
ՀՀ ՏԿԵ նախարարության ընդերքի վարչության ընդերքաբանական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Պետրոսի Չախալյանը՝ ծնված 03.03.1989 թ․, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին կամավորագրվել է Արցախյան երկրորդ պատերազմում հայրենիքի պաշտպանությանը։ Արագ արձագանքման ջոկատի կազմում մասնակցել է Շուշի-Բերձոր ճանապարհի և Քարինտակ գյուղի պաշտպանության համար ընթացող թեժ մարտերին։ Արիաբար զոհվել է նոյեմբերի 4-ին Շուշիի պաշտպանության մարտերում։
Սերժանտ Հայկ Չախալյանը հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար 2021 թ․ հունիսի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով։