Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքները վիճարկող միավորված դիմումների քննությունը: Ամբիոնի մոտ երրորդ կողմի ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանն է՝ կողմերի հարցերին պատասխանելու համար: Հարցեր ուներ միայն «Զարթոնք» կուսակցությունը: Արա Զոհրաբյանը հիշեցնում է նախորդ ընտրությունները, հետաքրքրվում՝ արդյոք Բադասյանի ներկայացրած քաղաքական ուժը վստահո՞ւմ է Սահմանադրական դատարանին կամ ԿԸՀ-ին՝ հաշվի առնելով, որ նախորդ բոլոր ընտրությունների արդյունքները իրենց քաղաքական ուժը չի ընդունել: Այս հարցերի ֆոնին Զոհրաբյանն ընդգծում է, որ, օրինակ՝ Տիգրան Մուկուչյանը 2011 թվականից ԿԸՀ նախագահն է:
Արա Զոհրաբյան («Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու) - Ինձ հետաքրքիր է՝ ինչո՛վ է պայմանավորված ձեր ներկայիս վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ, երբ ձեր քաղաքական ուժը չի ընդունել նախորդ ընտրությունները, ավելին՝ դրանց վերաբերյալ շատ կոշտ վերաբերմունք է արտահայտել, ի՞նչ է փոխվել:
Ռուստամ Բադասյան («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ) - Բարձր դատարան, կարծում եմ՝ մենք քաղաքական ելույթները, քաղաքական գնահատականները պետք է տարբերակենք հստակ իրավական գործընթացներից և իրավական գնահատականներից: Նախ՝ ընտրությունների կեղծման հետ կապված քաղաքական գնահատականը երբ որ տրվում է՝ հիմք ընդունելով որոշ հանգամանքներ, փաստեր, պետք է նկատի ունենալ նաև ի՛նչ ընտրական համակարգ է գործում ՀՀ-ում, իսկ ԿԸՀ-ին տրվել է գնահատական ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական կազմակերպության կողմից՝ ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմինը իր աշխատանքը կատարել է թափանցիկ, կոլեգիալ, մասնագիտորեն և վայելել է ընտրական շահառուների վստահությունը:
Դատավարության մասնակիցներին հարցեր ուղղեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը: Բարձր դատարանի անդամը նախ հետաքրքրվեց՝ 2017-ին ընտրություններին մասնակցել է 1.5 միլիոնից ավելի քաղաքացի, 2018-ին մոտ 1 մլն 260 հազար, 2021-ին մոտ 1 մլն 280 հազար քաղաքացի: Գրիգորյանը հարցնում է, արդյոք ուսումնասիրություն կա՞, թե նման պասիվության պատճառը որն է:
Տիգրան Մուկուչյան (ԿԸՀ նախագահ) - Ինչ վերաբերում է մասնակցությանը, մարդիկ, որոնք մասնակցել են էդ ընտրություններից մեկին, հետո թիվը իջել է, դա խոսում է նրա մասին, որ մարդիկ չեն մասնակցել, իսկ թե ի՛նչ պատճառներով, անկեղծ ասած, մենք չենք հետազոտել և չենք ուսումնասիրել:
Մուկուչյանը հավելում է, սակայն, որ մասնավորապես վերջին ընտրության ընթացքում մեծ արշավ էր իրականացվում մասնակցությունը խթանելու առումով: Նույն հարցին պատասխանեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը:
Ռուստամ Բադասյան - Բարձր դատարան, իհարկե իմ ենթադրությունն է, բայց քանի որ հարցը հնչել է, ենթադրությունս կասեմ: Իմ կարծիքով՝ կողմնակի ազդեցությունների մասին երբ որ խոսք էր գնում դիտորդական առաքելությունների զեկույցներում, և, կարծում եմ՝ մեր հասարակությունն էլ ականատես էր լինում տարբեր գործընթացների՝ շտաբներ, շտաբներում գումար բաժանելու դեպքեր կամ միգուցե կողմնակի այլ ազդեցություններ, ես միգուցե դրանով եմ բացատրում:
Հարցերը սպառելուց հետո բարձր դատարանն անցնում է քննության հաջորդ փուլին՝ միջնորդությունների ներկայացմանը: Դիմումներ բերած քաղաքական ուժերը մեծ մասամբ պնդում են այն միջնորդությունները, որոնք նախօրոք ներկայացրել էին: Ընդմիջումից հետո, սակայն, բարձր դատարանը որոշեց միջնորդությունների մի մասի քննությունը հետաձգել, ներկայացրեց նաև մերժված միջնորդությունների ցանկը: Միաժամանակ ՍԴ նախագահը ներկայացրեց պլանավորված հետագա գործողությունները. հերթը հասել է դռնփակ քննությանը, որի անցկացման որոշումը ևս անցկացվում է դռնփակ, որից հետո բարձր դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ: