Ապրիլի 28-ին արտաքին գործերի նախարարությունը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունը։
Հայտնվում էր, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։
Գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու փոքրիկի վերադարձի գործընթացում ներգրավված կառույցների համագործակցությամբ ձեռք բերվեցին անհրաժեշտ փաստաթղթեր։
Արդյունավետ էր համագործակցությունը նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների ու Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հետ։
Հուլիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը 1-ամյա տղային բերեց հայրենիք։
Փոքրիկը հանձնվել է տատի խնամակալությանը։