Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ:
Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ` ընդգծելով ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին ձեռնարկած հետևողական քայլերը՝ Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների ապահովման գործում: Այս համատեքստում, ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ:
Էնթոնի Բլինքենը շեշտել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի կարևորությունը, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարում ու արդարադատության ոլորտում և հավելել, որ ԱՄՆ պատրաստակամ է շարունակել օժանդակությունն այս ուղղությամբ:
Միաժամանակ նա նշել է, որ երկու երկրների միջև գործընկերությունը խարսխված է ժողովրդավարական արժեքների վրա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռբերումները գնահատելու համար: Նա բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև Երևանում ոստիկանության պարեկային ծառայության գործունեության մեկնարկի ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Պարեկային ծառայությունը հետագայում ընդլայնվելու է ողջ երկրում և հույս հայտնել, որ ամերիկյան օժանդակությունը հնարավորություն կտա ամբողջացնել այդ գործընթացը: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել Պետքարտուղարի տեղակալ Ֆիլ Ռիքերի՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի գործում ներդրած ջանքերը: Որպես տարածաշրջանում կայունության հաստատման առանցքային նշանակության խնդիրներ՝ կարևորվել են գերիների վերադարձի և Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրս բերման հարցերը:
Պետքարտուղարը հավաստիացրել է, որ ԱՄՆ շարունակելու է ջանքեր գործադրել բոլոր գերիների վերադարձն ապահովելու համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային, պետքարտուղարը հույժ կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերականգնումը՝ ընդգծելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա գտնել հակամարտության կայուն և երկարաժամկետ լուծում:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը ևս շեշտել է, որ հակամարտությունը կարգավորված չէ և պահանջում է համապարփակ լուծում, որին հնարավոր է հասնել բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը: