Մեղրիի արդեն նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա անազատության մեջ, դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի՝ նրան կալանավորելու միջնորդությունը: Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել հուլիսի 12-ին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի հոդվածներով:
Բայց նախ սկզբից. դեռ 2012-ին Մեղրիի ավագանու որոշմամբ քաղաքում գտնվող ու արգելոց համարվող տարածքը 25 տարի ժամկետով տրվել է վարձակալությամբ, վարձակալն էլ դարձել է Ռոլանդ Գևորգյանը: Պայմանագրով նախատեսված է եղել, որ լճի շուրջը պետք է հիմնվեին բազմամյա տնկարկներ, բայց դրանց փոխարեն տեղում սրճարան է կառուցվել:
Վաչե Մխիթարյան (ՔԿ ՀԿԳ ՔԳՎ ՀԿԳ քննիչ) - Սա լիճն է, իսկ սա տվյալ լճի ափին կառուցված սրճարան-ռեստորանային շինություններն են:
Քաղաքի գլխավոր հատակագծով՝ լիճն ու դրան հարակից տարածքն արգելոցային գոտի են՝ նորից ընդգծում է Վաչե Մխիթարյանը: Քննիչը պնդում է՝ այս մասին տեղյակ է եղել նաև Մխիթար Զաքարյանը, ու երբ 2016-ին նա ստանձնել է Մեղրիի ղեկավարի պաշտոնը, ոչ միայն որևէ միջոց չի ձեռնարկել ապօրինի բիզնեսի դեմ, այլև կազմակերպել է հողատարածքը իր մտերիմ Ռոլանդ Գևորգյանին օտարելու գործընթացը: Ըստ նախաքննության՝ Զաքարյանի տեղակալն ու համայնքապետարանի աշխատակիցը կազմել են կեղծ տեղեկանք, որի հիման վրա ավագանին այն ընդգրկել է օտարվող տարածքների ցանկում, ու աճուրդում հաղթող է ճանաչվել նույն Ռոլանդ Գևորգյանը: Սակայն վաճառքը կազմակերպելու համար կադաստրից ստացվել է գրություն, որ հողամասն օտարման ենթակա տարածք չէ: Այդ ժամանակ, քննիչի խոսքով՝ համայնքապետը հանձնարարել է նոր ու խմբագրված դիմում կազմել, կրկին ուղարկել կադաստր:
Վաչե Մխիթարյան - Տվյալ հողատարածքը վաճառելու համար Մխիթար Զաքարյանը հանձնարարել է կազմել թուղթ, որ իբր այդ տարածքը չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների մեջ տարածք, ու դա ներկայացնելով պետական գրանցման՝ առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է ու ստացել է պետական գրանցում:
Այս պահին մեղադրյալի աթոռին են նստել նաև Զաքարյանի տեղակալ Արմեն Սամվելյանն ու համայնքապետարանի աշխատակից Արտավազդ Արզումանյանը, իսկ Ռոլանդ Գևորգյանն այս գործով կարգավիճակ չունի:
Նախաքննությունը շարունակվում է, ու 4 օր առաջ Մեղրիի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում գրած Մխիթար Զաքարյանը, որ նաև «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր է, չի ընդունում մեղքը, իսկ նրա պաշտպանն ապօրինի է որակում նախկին համայնքապետին ազատությունից զրկելու պրոցեսը: Երեմ Սարգսյանը երեկ հայտնել էր, որ ոստիկանություն ինքնակամ ներկայացած Զաքարյանին բերման են ենթարկել դիմակավորված անձինք՝ ինքնաձիգներով, գետնին պառկեցնելու տեսարանով։ Իսկ ավելի ուշ հայտնել էր, թե դատարանն ապօրինի է ճանաչել ձերբակալումը: Քննիչ Մխիթարյանը, արձագանքելով պաշտպանի գնահատականներին, նկատում է.
Վաչե Մխիթարյան - Ձերբակալման իրավաչափությունը քննարկելու արդյունքում դատարանը ձերբակալման իրավաչափությանը որևէ անդրադարձ չի կատարել, հետևաբար, դա որոշմանը չի վերաբերում: Դատարանն անդրադարձել է ձերբակալման արձանագրության և բուն ձերբակալման պրոցեսին, որը իրականացվել է ոստիկանության կողմից, իսկ թե այնտեղ բռնություն կիրառվե՞լ է, թե՞ ոչ, մենք իրավասու չենք պարզաբանում տալու դրա մասին:
Մխիթար Զաքարյանի պաշտպանի հետ կապ հաստատել չստացվեց, Երեմ Սարգսյանն անպատասխան թողեց զանգերը: Սա, ի դեպ, Մեղրիի նախկին քաղաքապետին առնչվող արդեն երրորդ քրգործն է։ Ավելի վաղ կոմիտեն նրան մեղադրանք էր առաջադրել կրկին պաշտոնեական դիրքը չարաշահելով հողատարածք տրամադրելու ու համայնքի բյուջեին վնաս պատճառելու համար, իսկ մոտ 3 ամիս առաջ էլ վարչապետի՝ Ագարակ ու Մեղրի կատարած այցի ընթացքում խուլիգանություն կազմակերպելու համար: Այդ ակցիաներին, ըստ իրավապահների, մասնակցել են նաև այս վերջին քրգործով մեղադրյալ ներգրավված նրա տեղակալ Արմեն Սամվելյանն ու լճի տարածքը ձեռք բերած Ռոլանդ Գևորգյանը: