Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորում է խաղաղությունը, կողմ է տարածաշրջանում հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությանը, սակայն պնդում է՝ այն չի կարող լինել Հայաստանի ու հայերի իրավունքների հաշվին:
Նրա խոսքով՝ խաղաղությունն արժանապատվության ու մարդու իրավունքների խախտում չի ենթադրում, ինչն ամեն օր անում է ադրբեջանական կողմը:
Արման Թաթոյան (ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան) - Ադրբեջանցի զինծառայողները մեր սահմանների մոտ զբաղված են գողություններով, հարձակումներ են գործում քաղաքացիներ վրա, մենք պետք է վերհանենք ու միջազգային ատյաններում ցույց տանք նրանից իրական պահվածքը, որպեսզի թույլ չտանք, որ խաղաղության շղարշ ապահովեն միջազգային հանրության համար, իսկ իրականում, շարունակեն ատելություն ու մարդու իրավունքների խախտումները:
Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում սահմանամերձ համայնքների բնակիչների կյանքի իրավունքի խախտում է՝ համաձայն Եվրոպական կոնվենցիայի: Ըստ Արման Թաթոյանի՝ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Հայաստանի սահմանամերձ բնակիչների սեփականության, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դեմ չէ դելիմիտացիային և դեմարկացիային՝ մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն երաշխիք է, բայց ոչ Ադրբեջանի իշխանության հայատյացության քարոզի ֆոնին:
Արման Թաթոյան - Բայց պետք է ճիշտ դելիմիտացիա և դեմարկացիա արվի: Մարդիկ ունեն օրինական իրավունքներ՝ ամրագրված փաստաթղթերով, բայց զրկված են իրենց իրավունքներից: Եթե վերցնում ենք այս պայմաններում, այս դիրքերով, խնդիր է առաջանում:
Արման Թաթոյանը շեշտեց՝ ադրբեջանական զինծառայողները 5 տարուց ավելի է՝ փոխել են Մեղրի գետի Զվարագետ վտակի հունը, և այն այլևս չի միախառնվում գետին, ինչի հետևանքով օգոստոսից սկսած Նռնաձոր, Շվանիձոր, Ալվանք գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդիր է առաջացել:
Հեղինակ՝ Անի Օհանյան