ՀՐԵԱ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հրեա գիտնականը կոչ է անում Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է «Ջերուսալեմ փոստը»: Իսրայելցի մտավորականներն այս հարցին հաճախ են անդրադառնում: Իր նոր գրքում Իսրայել Չարնին բացահայտում է, թե ինչպես է Թուրքիան ճնշում Իսրայելին, որ այն ժխտի Ցեղասպանությունը:
Չարնին համարում է, որ իր երկիրը քաղաքականացնում է Հայոց ցեղասպանության հարցը: Այդ ճնշումն արտահայտվել է անգամ ցեղասպանության մասին դասընթացներին հայերի մասնակցությունն արգելելով կամ այդ թեմայով համաժողովները չեղյալ հայտարարելով, եթե դրանց ներկա են եղել հայեր:
Գիտնականը նշում է, որ Իսրայելը համաձայնել է այդ պահանջներին՝ Թուրքիայից հնչող սպառնալիքների ֆոնին:
ԱՈՒՐԵՍԿՈՒՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԻՆ
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն Թվիթերում գրառմամբ անդրադարձել է հունիսին Եվրամիության երկու այլ երկրների արտգործնախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին։
«Սա պետք է լինի տարածաշրջանում Եվրամիության ներգրավվածության վերականգնման մեկնարկը: Մենք պետք է հաշվի առնենք առկա և նոր բոլոր գործիքները, ինչպիսին են՝ Եվրամիության հետ համագործակցության խորացումը և վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը»,- նշել է Աուրեսկուն։
Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի լիազորմամբ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան են այցելել հունիսի վերջին։
ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Վրաստանում երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած ցույցի ընթացքում ձերբակալվել է 12 քաղաքացի: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ լրատվամիջոցների բողոքի ակցիայի ժամանակ իրավապահները բերման են ենթարկել նաև Հանրային հեռարձակողի լրագրող Իրակլի Աբսանձեին: Այսօր նա գրել է, որ ոստիկանությունը ձերբակալման ժամանակ կոտրել է նրա ձեռքը:
Երեկվա բողոքի ակցիան և երթը մեկնարկել են ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների ճեպազրույցից հետո, որում նշվել է, որ ըստ փորձաքննության միջանկյալ տվյալների՝ ընդդիմադիր Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից: Լաշկարավան բռնության էր ենթարկվել անցած շաբաթ՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը միտված շքերթի դեմ ազգայնականների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ։