Սաղումյանները երգով հրավիրում են տավուշյան հյուրասիրության: Հյուրատնային բիզնեսի ամենալավ սեզոնն է: Այգում հասել են միրգն ու բանջարեղենը, այցելուներին կհյուրասիրեն նաև ավելուկ, չրեր ու նոր պատրաստվող դոշաբ:
Տավուշցի ընտանիքը առաջինն էր, որ գյուղում հյուրատնային բիզնես սկսեց: Հայրական տունն ուներ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Դարակներից հանել են տան հին իրերը՝ կահ-կարասին, մեծ մայրերի գործած գորգն ու կարպետը, ձևավորել հյուրատունը:
Վարդուհի Պողոսյան (Տավուշ գյուղի բնակիչ) - Տրեխները հյուրերին ցույց տալու համար եմ գնել: Այս սնդուկի մեջ կարևոր փաստաթղթերն ենք պահել:
5 տարում բազմաթիվ այցելուներ են ունեցել: Գալիս են թե՛ Երևանից, թե՛ տարբեր երկրներից:
Վարդուհի Պողոսյան - Մենք հյուրերին տանում ենք տեսարժան վայրեր Բայղուշի ձոր, Տավուշի ջրամբար:
Իրենց բիզնեսն անվանել են «Իրական Տավուշ»: Վարդուհի Պողոսյանը խոստովանում է՝ ոչ այնքան մեծ շահույթի ակնկալիքով են ստեղծել, որքան հայրենի գյուղն ավելի ճանաչելի դարձնելու:
Հեղինակներ՝ Աննա Խաչատրյան, Վահրամ Զարգարյան