Հյուսիս-հարավ մայրուղու երրորդ տրանշը՝ Թալին-Լանջիկ հատվածը, այս տարի պատրաստ կլինի և կհանձնվի շահագործման: Չնայած խոսքը միայն մի եզրի մասին է, սակայն դա էլ բավարար է քարուքանդ փողոցին հրաժեշտ տալու համար:
Սուրեն Պապիկյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար - Կարծում եմ, որ մենք այս տարի կկարողանանք մեր նախանշած 50 կիլոմետր ճանապարհն ստանալ: Տեմպը այնպիսին է, որ դա մեզ հույս է ներշնչում, որ գործընկերները կարողանալու են իրենց խոստումը կատարել:
Այժմ քննարկումներ են ոստիկանության հետ՝ նորակառույց ճանապարհի 24 կիլոմետրի վրա երթևկությունը կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է կիսատ մնացած երկրորդ տրանշին, Աշտարակ-Թալին հատվածի համար պետք է մրցույթ հայտարարվեր՝ նոր կապալառու ընտրելու համար, մինչդեռ քրեական գործ է հարուցված, շինարարությունը մոտ երկու տարի է կանգնած է: Պապիկյանի խոսքով՝ հավանաբար հնարավորություն կտան իսպանական ընկերությանը ավարտին հասցնել աշխատանքները:
Սուրեն Պապիկյան - Մի քանի շաբաթվա ընթացքում մեզ համար պարզ կլինի, նոր մրցույթ ենք հայտարարո՞ւմ, թե՞ հնարավորություն ենք տալիս ներկա կապալառուին ավարտին հասցնել աշխատանքներն ինչ-որ մի կերպ՝ կլինի դա Իսպանիայի կառավարության, թե Եվրամիության օգնությամբ:
Ուշագրավ լուր կա նաև մայրուղու հարավային հատվածի մասին: Նախնական հաշվարկները կատարվել են: Արտաշատից Ագարակ ձգվող ճանապարհը կարժենա մոտ 1 միլիարդ 450 միլիոն դոլար: 710 միլիոն դոլարը հնարավոր է տրամադրի եվրամիությունը, ինչը թույլ կտա կառուցել անհրաժեշտ թունելներ և կամուրջներ: Եթե նույնիսկ Բրյուսելը հրաժարվի նախնական խոստումից, Պապիկյանի խոսով, Հայաստանի կառավարությունը սեփական ուժերով կկառուցի մայրուղու հարավային մասը: Հարցին, թե կա՞ն արտաքին ուժեր, որոնք փորձում են խանգարել դրան, Պապիկյանը պատասխանեց.
Սուրեն Պապիկյան - Հաստատակամ ենք այդ ճանապարհի շինարարությունն իրականացնել: Մանավանդ՝ Սյունիքի մասում մենք արդեն որոշել էինք սեփական միջոցներով սկսել: Արտաքին խոչընդոտ մի փնտրեք, մի գտեք:
Պապիկյանը նաև չի հաստատում իր՝ փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ տեղեկությունը, պարզաբանելով, որ վերջնական որոշում այս պահին չկա: