Այս տարի Հովհաննես Թումանյանի թանգարանում՝ հարուստ գրադարանի շուրջ 10 գիրք է վերականգնվել: Ամենայն հայոց բանաստեղծին այս գիրքը նվիրել են նրա ընկերոջ՝ Փիլիպոս Վարդազարյանի քույրերը. Գյոթեի «Ֆաուստն» է:
Մարինե Բաղդասարյան (Հովհաննես Թումանյանի թանգարանի գլխավոր ֆոնդապահ) - Այս էջը, տեսեք՝ աճեցրած է: Լրիվ մաշված էր, այս հատվածները, որ երևում էին, չկային, կռնակը, որ երևում էր, պոկված էր, շատ վատ վիճակում էր:
Թանգարանի գլխավոր ֆոնդապահը խնամքով թերթում է էջերն ու նշում, որ ռեստավրացիայի շնորհիվ արժեքավոր իրերի կյանքը երկարում է: Մշակվում են տարբեր նյութերով:
Մարինե Բաղդասարյան - Մատենադարանի մասնագետները ձգտում են հնարավորինս քիչ ներխուժել, նոր նյութերը խնամքով են օգտագործում, շատ չափավորված, որ գիրքն իր նախնական տեսքը պահպանի:
Թումանյանի թանգարանի ընդհանուր ֆոնդում կա 19 հազարից ավելի իր՝ գրքեր, գույք, գրավոր աղբյուրներ ու ձեռագրեր: Այս տարի վերականգվել են նաև վարպետի սիրելի երկու բազկաթոռները:
Մարինե Բաղդասարյան - 68 տարի է՝ թանգարանը գոյություն ունի, այս իրերը պահվել են նաև Թումանյանների տանը մեծ խնամքով: Ձգտում ենք ջերմաստիճանը պահպանել, խոնավությունը պահպանել հնարավորինս և իրերի քայքարումը դադարեցնել: Ֆրանսիացի նկարիչ Ժորժ Ապպերի երկու կտավները ևս վերականգնման կարիք ունեին:
Տիկին Մարինեն ցույց է տալիս արդեն վերականգնված կտավներից մեկը:
Մարինե Բաղդասարյան - Տեսեք՝ ինչ փայլուն աշխատանք է արված՝ գույները թարմացված, մաքրված: Վերականգնվել է նաև շրջանակը, բավականին մաշված վիճակում էր: Այս պահին կտավներից մեկը ևս ռեստավրացիոն փուլում է. վերականգնումից հետո կցուցադրվի: Թանգարանի աշխատակիցների խոսքով՝ մեկ դարից ավելի հնության իրեր կան, և վերականգնման աշխատանքները ամեն տարի ինտենսիվ ընթանում են՝ դրանց նոր կյանք տալու ու սերունդներին պատշաճ ներկայացնելու համար: