Աֆղանական արմատական Թալիբան շարժումը դեմ է Աֆղանստանում Թուրքիայի ռազմական ներկայությանը: Շարժման առաջնորդները մատնանշում են, որ Աֆղանստանում օտար ուժերի առկայությունը, անկախ երկրից, ագրեսիա է, ինչը պատասխանի կարժանանա: Ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Անկարան հայտարարել էր, որ կստանձնի Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը:
*****
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը դեռ քիչ հավանական է, դրա համար Կիևը պետք է կենտրոնանա ներքին բարեփոխումների վրա՝ հայտարարել է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էտյեն դե Պոնսեն: Մենք նախապատվությունը տալիս ենք անցած տարվա պայմանավորվածություններին ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի գործակցության շրջանակում՝ ասել է դեսպանը: Դա ենթադրում է, որ Կիևը նախ պետք է իրականացնի այդ պայմանավորվածությունները, հետո խոսի անդամակցության գործընթաց սկսելու մասին: Դեսպանը դա տնային առաջադրանք է անվանել:
*****
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հանդիպումը նախապես ծրագրված չի եղել: Այս տարվա ընթացքում սա երկու նախագահների արդեն չորրորդ հանդիպումն է: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական և անվտանգային բնույթի հարցեր: ՌԴ նախագահը, խոսելով երկու երկրների տնտեսական կապերի մասին, ընդգծել է՝ այդ ոլորտում Բելառուսը մեծ և հուսալի գործընկեր է: Բելառուսի նախագահն, իր հերթին, դժգոհել է՝ երկրում սկսվել է գունավոր հեղափոխության նոր փուլ և ընդգծել՝ Բելառուսը կդիմանա իր դեմ արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներին:
*****
Իրաքի Զի Կար նահանգի Նասիրիա քաղաքում երեկ հրդեհվել է հիվանդանոց, որտեղ բուժում էին ստանում կորոնավիրուսով հիվանդներ: Հրդեհի պատճառ է դարձել հեղուկ թթվածնի բալոնների պայթյունը: Հաղորդվում է մոտ յոթ տասնյակ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների մասին: Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը հայտարարել է, որ ալ-Հուսեյն հիվանդանոցի հրդեհն արմատացած կաշառակերության և վատ կառավարման հետևանք է: Նման դեպքերը Իրաքում եզակի չեն. այս տարի՝ ապրիլին, Բաղդադի՝ Քովիդի համար նախատեսված հիվանդանոցներից մեկում հրդեհը խլել է 82 մարդու կյանք: Զի Կար նահանգնում հայկական բնակավայրեր չկան: