Երևանում կառուցված ինքնակամ շինությունները ենթակա են քանդման՝ անկախ շինաշխատանքների որ փուլում են, օրինականացված են, թե ոչ: Որոշումն ընդունվեց ավագանու արտահերթ նիստում:
Տարոն Մարգարյան (Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար) - Այսինքն՝ Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները իրենց հայեցողությամբ տնօրինելու են գույքը, հնարավորություն են ունենալու օտարելու, վարձակալությամբ տնօրինելու, ինչպես նաև քանդելու:
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների անդամները ողջունեցին փոփոխության նախագիծը:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը հետաքրքրվեց Հանրապետության 46 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան-շենքի ճակատագրով:
Գրիգոր Երիցյան (ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) - Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից ահազանգում են, որ օրերս Հանրապետության 46 հասցեում գտնվող պատմամշակութային շենքը քանդվելու է, և պահպանվելու է միայն դրա արտաքին ֆասադը: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյոք իրականությանը սա համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:
Ավագանու որոշմամբ՝ փոխվեց Գրիգոր Զոհրապի փողոցի 10 շենքերի հողամասերի նպատակային նշանակությունը: Բնակարանները կնվիրաբերվեն այդտեղ բնակվող փախստական ընտանիքներին: Քննարկմանը ավագանու անդամ Տիգրան Գալստյանը հիշեց Երևանի նոր հատակագծի մասին:
Տիգրան Գալստյան (ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ) - Պարո՛ն Ճգնավորյան, մենք ե՞րբ կունենանք հատակագիծ, երկո՞ւ տարուց, դա հսկայական ցիկլ է:
Սյունիքի Կոռնիձոր գյուղում կառուցվող նոր պուրակում մանկական խաղատեսակներ կտեղադրվեն: Այդ նպատակով Երևանի 2021 թ. բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվեց 3 մլն դրամ, Տավուշի Այգեձոր գյուղի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով էլ՝ 8 մլն 622 հազար դրամ: