20 հազարից ավելի աշակերտի կրթական պայմաններն առավել անվտանգ կդառնան: Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Կառավարությունը և Ասիական զարգացման բանկը: Ընտրվել է 46 դպրոց, 14-ը՝ Երևանում, 32-ը՝ մարզերում: Կառուցվող բոլոր դպրոցները կունենան վերելակ և լիարժեք հարմարեցված կլինեն ներառական կրթություն իրականացնելու համար:
Հայկ Գալստյան (ՏԿԵՆ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող) - Կառուցման ավարտին դպրոցները բավարարում են 9 բալ երկրաշարժի դիմացկունությանը և ստանում են սերտիֆիկատ այդ ամենի հավաստման վերաբերյալ:
Երևանի 18-րդ դպրոցը մեկն է ծրագրում ընդգրկվածներից: Շինարարական աշխատանքները կատարվում են՝ պահպանելով ճարտարապետական արժեքն ու չջնջելով պատմական հետքը:
Էռնեստ Հովհաննիսյան (ընկերության գլխավոր ճարտարագետ) - Դպրոցի արտաքին տեսքը, ճակատային մասը հիմնականում և կողային պատերը պահպանվում են, որը շատ մեծ դժվարություն առաջացրեց, շինարարության ընթացքի վրա շատ ազդեցություն ունեցավ, որովհետև բոլոր աշխատանքները, ինչպես տեսաք, իրականացվում են ձեռքով, մեխանիզմով աշխատել հնարավոր չէ:
Դպրոցների ընտրությունը տեղի է ունեցել հստակ մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով դպրոցի կառուցման տարեթիվը, սեյսմիկ վտանգի մակարդակը, տեխնիկական վիճակը: Աշխատանքային հանձնաժողովն ուսումնասիրել է քաղաքապետարանից ու մարզպետարաններից ստացած տվյալները և Կառավարության հաստատմանը ներկայացրել առավել խոցելի դպրոցների ցանկը:
Անահիտ Ավետիսյան (Երևանի 18-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - Պատերն էլ ունեին ճաքեր, նստվածք ուներ շենքը, և իրոք շատ վտանգավոր էր, որովհետև երբ արտակարգ իրավիճակների նախարարությունից եկան, ասացին՝ 4-4.5 բալի դեպքում էս դպրոցը կփլվի:
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով այս պահին ակտիվ ընթացքի մեջ է 12 դպրոցի շինարարություն: 46 դպրոցի կառուցման կամ ամրացման համար ներդրվել է 986 մլն դրամ, որի 20%-ը հատկացրել է Կառավարությունը, 80-ը՝ Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներ են:
Հեղինակներ՝ Արփինե Խաչատրյան, Ռաֆիկ Սողոմոնյան