Արցախի արտգործնախարարությունը դատապարտել է հուլիսի 10-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Շուշի։ Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի՝ ապօրինի իրողություններն օրինականացնելու փորձերը նշանակում են նաև սանձազերծված պատերազմի, միջազգային ահաբեկիչների հետ գործակցության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման և ռազմական հանցագործությունների արդարացում։ Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ դիվանագետները ենթարկվել են Ադրբեջանի մանիպուլյատիվ գործողություններին, որոնք ոչ միայն միտված են հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսումը թույլ չտալուն, այլ նաև խարխլում են միջազգային հարաբերությունների կարգերը։ Ուժի սպառնալիքի կամ կիրառման արդյունքում ձեռք բերված ոչ մի տարածքային նվաճում չպետք է ճանաչվի օրինական։ Ինչպես տարածքային, այնպես էլ մշակութային, տնտեսական և պատմական առումներով Շուշին Արցախի անքակտելի մասն է։ Այն անջատելու ցանկացած փորձ Արցախի տարածքային ամբողջականության կոպիտ խախտում է։ Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ հակամարտության վերջնական կարգավորման նպատակով»,- ասված է հայտարարության մեջ:
*****
Ադրբեջանում ակտիվորեն շարունակվում է քննարկվել Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների Շուշի այցելության մերժումը: Ի պատասխան ադրբեջանական ԶԼՄ-ների հարցման, թե ինչու դեսպանը չի այցելել օկուպացված Շուշի, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ չեն մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Նմանատիպ պատասխան է տվել նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը: «Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը»,- ասվում է Ֆրանսիայի դեսպանատան կողմից ուղարկված պաշտոնական նամակում: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատնից դեռևս չեն արձագանքել ադրբեջանական ԶԼՄ-ների հարցումներին:
*****
Հրեա գիտնականը կոչ է անում Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը,- գրում է Ջերուսալեմ փոստը: Իսրայելցի մտավորականներն այս հարցին հաճախ են անդրադառնում: Իր նոր գրքում Իսրայել Չարնին բացահայտում է, թե ինչպես է Թուրքիան ճնշում Իսրայելին, որ այն ժխտի Ցեղասպանությունը: Այդ ճնշումն արտահայտվել է անգամ ցեղասպանության մասին դասընթացներին հայերի մասնակցությունն արգելելով կամ այդ թեմայով համաժողովները չեղյալ հայտարարելով, եթե դրանց ներկա են եղել հայեր: Գիտնականը նշում է, որ Իսրայելը համաձայնել է այդ պահանջներին՝ Թուրքիայից հնչող սպառնալիքների ֆոնին: Չարնին համարում է, որ իր երկիրը քաղաքականացնում է Հայոց ցեղասպանության հարցը:
*****
Թուրքական PR գործակալությունները գումար են առաջարկել Յություբյան հայտնի օգտատերերին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութեր հրապարակելու համար,- հայտնում է Զարթոնք մեդիան: Երկու հայտնի օգտատերեր, ովքեր ունեն 814000 բաժանորդ և 55 միլիոն դիտում, հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ էլեկտրոնային նամակ են ստացել թուրքական 365 Դերեք թվային գործակալությունից, որը փորձել է ճշտել՝ կոնկրետ թեմաներով տեսահոլովակներ պատրաստելու ծառայության արժեքը: Գործակալությունը հստակեցրել է, որ նյութը կտրամադրեն իրենք և օգտատիրոջից պահանջվում է միայն այն համապատասխանեցնել իր ալիքին, դարձնել անիմացիոն և հրապարակել: Յություբյան ալիքների օգտատերերը զգուշացնում են, որ սա, հավանաբար, արշավ է, և առաջիկայում յություբում կարող են տեղադրվել Հայոց ցեղասպանությունը ժխտող հոլովակներ:
*****
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն Թվիթերում գրառմամբ անդրադարձել է հունիսին Եվրամիության երկու այլ երկրների արտգործնախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին։ «Սա պետք է լինի տարածաշրջանում Եվրամիության ներգրավվածության վերականգնման մեկնարկը: Մենք պետք է հաշվի առնենք առկա և նոր բոլոր գործիքները, ինչպիսին են՝ Եվրամիության հետ համագործակցության խորացումը և վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը»,- նշել է Աուրեսկուն։ Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելի լիազորմամբ Ադրբեջան, Հայաստան և Վրաստան են այցելել հունիսի վերջին։