Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտներին հուլիսի 12-ին կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ հանձնվել են ավարտական վկայականները (դիպլոմներ):
Բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, բուհի աշխատակիցներ։
Այս ուսումնական տարում ՀՊՏՀ-ն ավարտել է 1392 քաղաքացի, այդ թվում՝ առկա բակալավրիատը՝ 772, առկա մագիստրատուրան՝ 210, հեռակա բակալավրիատը՝ 410: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անունից շնորհավորելով նորավարտներին՝ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը նշել է, որ նմանօրինակ գեղեցիկ միջոցառումները ոգևորիչ են ինչպես շրջանավարտների, այնպես էլ առաջին կուրսեցիների համար։
Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ շրջանավարտներն իրենց գիտելիքներով կնպաստեն մեր երկրի տնտեսության զարգացմանը, իրենց կրթական, գիտական և նորարարական հաջողություններով կապահովեն մեր պետության առաջընթացը.
«Սիրելի՛ շրջանավարտներ, հուսով եմ, որ ձեր ներդրումը կունենաք մեր երկրի կրթական, գիտական, նորարարական առաջընթացի գործում՝ օգտակար լինելով և՛ ձեզ, և՛ պետությանը: Բարի՛ երթ, ձե՛զ»։
Բուհի ռեկտոր Դիանա Գալոյանը, արժևորելով գիտելիքն ու կրթությունը, հորդորել է երբեք չդադարել սովորել ու զարգանալ, լինել պատասխանատու ու կարգապահ։
«Այսօր հանդիսավոր օր է, հուզված ենք բոլորս, քանի որ ՀՊՏՀ-ի մեծ ընտանիքի անդամներից շատերին կյանքի ուղեգրեր ենք հանձնում: Եկե՛ք չմոռանանք նրանց, ովքեր այսօր ձեզ հետ պետք է ավարտեին համալսարանը․ հավե՛րժ փառք պատերազմում ընկած մեր հերոսներին»,- ասել է նա՝ ներկաներին հորդորելով մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմում հերոսաբար ընկած տղաների հիշատակը։
ՀՊՏՀ շուրջ 5 տասնյակ շրջանավարտներ, որ մասնակցել են 44-օրյա պատերազմին և հայրենիքին ծառայել անձնվիրաբար, արժանացել են նվերների ու շնորհակալագրերի: Ավարտական երեկոյին ՀՊՏՀ-ն հատուկ ուշադրության է արժանացրել գերազանցիկ շրջանավարտներին, որոնք ուսումնառության տարիներին իրենց ջանասիրությամբ վաստակել են լավագույնի կոչումը։
Հաշվապահական հաշվառման և աուդիտի, կառավարման, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ՏԿ և ՄՏՀ, ինֆորմատիկայի և վիճակագրության և ֆինանսական ֆակուլտետների 2020-2021 ուսումնական տարվա լավագույն շրջանավարտներ ճանաչված Հայկ Քալանթարյանը, Մհեր Մելքոնյանը, Լիլիա Ալավերդյանը, Նարինե Պետրոսյանը, Մարիաննա Դանիելյանը և Անահիտ Իսրայելյանը ստացել են հավաստագրեր ու նվերներ: