Museum of the Bible պարբերականն անդրադարձել է հայկական պատմամշակութային կոթողներին, մասնավորապես, հինավուրց սրբատեղիներին, եկեղեցիներին ու Հայաստանում քրիստոնեության ընդունմանը:
Մ.թ. 300-ականների սկզբին քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստանը գտնվում է Եվրոպայի ու Ասիայի խաչմերուկում՝ Սև և Կասպից ծովերի միջև, ինչը կենսական նշանակության վայր է վաղ քրիստոնեության պատմության ժամանակ:
Պարբերականը նշում է, որ Լեռնային Ղարաբաղն իր մեջ կրում է տարածաշրջանում վաղ քրիստոնեության ամբողջ պատմության հետքը: 4-րդ դարի սկզբներին հայկական, վրացական ու կովկասյան աղվանական թագավորություններն ընդունել են քրիստոնեություն՝ ձևավորելով քրիստոնյա պետությունների կոնֆեդերացիա:
Այդ տարածաշրջանում ծվարած Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, գտնվում է Հայկական բարձրավանդակում՝ Կուր և Արաքս գետերի միջև: Նշվում է, որ լեռնային երկիրը գտնվում է այժմյան Հայաստանի, Ադրբեջանի ու Իրանի միջև: Բլրի գագաթներն ու խիտ անտառներն ապաստան են եղել քրիստոնյա համայնքների համար, որոնց շնորհիվ մարդիկ դարեր շարունակ կարողացել են գոյատևել պատերազմների, նվաճումների, իսկ 7-8-րդ դարերից սկսած՝ նաև իսլամացման ժամանակաշրջանում:
Այսօր էլ Լեռնային Ղարաբաղը եկեղեցիների, վանքերի, խաչքարերի, սրբատեղիների գանձարան է: Ղարաբաղի վանքերում բազմաթիվ նկարազարդ ձեռագիր մատյաններ են ստեղծվել, որոնք վկայում են պատմության ընթացքում հայերի կրոնական ու սոցիալական կյանքի մասին:
Պարբերականում հիշատակվում է Աստվածաշնչի հետ հայոց հողի հնագույն կապի՝ Նոյյան տապանի, քրիստոնեության ընդունման, հայկական գիր ու գրականության մասին:
Նշվում է, որ 1923-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության 94 տոկոսը հայ էր: Խորհրդային տարիների սկզբին կոմունիստական ղեկավարությունը հիմնականում հայաբնակ Լեռնային Ղարաբաղը հանձնում է Խորհրդային Ադրբեջանին:
Պարբերականը նշում է Խորհրդային Միության փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղում անկախության հանրաքվե անցկացնելու, ղարաբաղյան հակամարտության և Արցախն անկախ հանրապետության հռչակման մասին: Անդրադարձ է եղել նաև 44-օրյա պատերազմին ու իրադարձությունների հետագա զարգացումներին: