Ճանապարհային ոստիկանությունում թանկարժեք, այսպես ասած՝ գոլդ համարանիշների շքերթ է։ Վարորդները, համակարգչի առաջ խմբված, երկաթե իրենց նժույգների համար կրկնվող թվեր են ընտրում։ Դրանց բարձր գինը, կարծես, շատերին չի զսպում:
Նախընտրած համարանիշների ընտրությունը վերջերս է կտրուկ ակտիվացել։ Այն բանից հետո, երբ Կառավարությունը թույլատրեց ևս 8 տառ օգտագործել դրանց տպագրությունում, և նոր կոմբինացիաների հնարավորություն առաջացավ, մեքենայատերերը այնպիսի հետաքրքրություն-զանգեր սկսեցին, պարզ դարձավ՝ գործն առանց հերթագրելու առաջ չի գնա՝ անկեղծանում է ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի ղեկավարը։ Այնպես որ, հուլիսի 6-ից նոր սկսել են ոսկե համարանիշների հատկացումը։
Գարիկ Լևոնյան (ՃՈ Երևանի ՀՔԲ պետ) - Ստիպված եղանք հերթագրել, և մեծ պահանջարկ եղավ նման համարանիշների հատկացման, մոտ 1700 արդեն իսկ հատկացրել ենք:
Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների գներն սկսվում են 60 հազարից, հասնում մինչև կրկնվող նույն թվի ու տառի համար 8 մլն դրամի։ Օրն առնվազն 2 հատ այդ արժեքի հայտ են ստանում՝ ասում է Գարիկ Լևոնյանը։
Գարիկ Լևոնյան - Այս ընթացքում հատկացվրած կլինի 13 զույգ 8 մլն դրամին համապատասխանող համարանիշներ:
8 միլիոնանոց պետհամարանիշներից մեկը Սաթենիկն է ձևակերպել։ Առանց ֆինանսական բնույթի հարցերի, թե ի՞նչ եկամուտ է պետք ունենալ, որ հնարավոր լինի, հայ տղամարդկանց տերմինաբանությամբ՝ լավ ավտոյի գին վճարել միայն համարանիշի համար:
Սաթենիկ Պողոսյան (ՃՈ Երևանի ՀՔԲ ավագ տեսուչ-օպերատոր) - Քաղաքացին ընտրում է իրա նախընտրած համարը ու մոտենում ա մեզ:
Լրացրած հերթական դիմում նույնպես հերթական համարի համար չէ։
Հայտը ձևակերպելուց հետո մնացածն արդեն տեխնիկայի հարց է։ Գրանցումների սենյակից պահանջված համարանիշն ավտոմատ հայտնվում է տպող սարքի էկրանին։
Թվերը, տառերը նախ դաջվում են։ Ընդ որում՝ դրանք պետք է անսխալ դասավորել, քանի որ սարքը խելացիներից է ու թանկարժեք համարանիշը շփոթած սիմվոլներով երբեք չի խոտանում:
Մեր նկարահանման ընթացքում ձեռք բերված ամենաէժան պետհամարանիշը նույնպես նոր տառերով ու կրկնվող թվերով էր։ Նույնով նաև մեքենայի տեխանձնագիրը տպագրվեց։ Իր ընտրածը մեծ պահանջարկ ունեցողների ցուցակից չէ, այլ ցանկալիների` բացատրում է վարորդը։
Ի դեպ, պարզվում է, մեքենայատերերի մոտ նոր թրենդ է ձևավորվել․ ընտանիքի երկրորդ ավտոյի համար ձեռք են բերում առաջինի նույն համարանիշը, բայց նոր տառերով։ Նրանց ու գոլդի սիրահար վարորդների հաշվին, հաշվարկված է, բյուջեն 8 տառի միջոցով ամբողջ Հայաստանում ստանալու է մոտ 74 մլրդ դրամ եկամուտ։