Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա և, բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջը՝ փոխանցում է Ermenihaber-ը:
Միջադեպի տեսանյութը հայտնվել էր համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազության կողմից հետաքննություն է սկսվել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիները ձերբակալվել են:
Սակայն ձերբակալությունից շատ չանցած հայտնի դարձավ, որ ոստիկանությունում հիշյալ քաղաքացիներից խոստովանական ցուցմունքներ վերցնելուց հետո ազատ են արձակել: Նրանցից երկուսի նկատմամբ սահմանվել է տնային կալանք: