Թբիլիսիում լրագրողները ներխուժել են խորհրդարանի շենք, հանդիպում պահանջել պատգամավորների հետ: Ցուցարարները հավաքվել էին քաղաքի կենտրոնում, երբ հայտնի էր դարձել TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահվան մասին, որը ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի դեմ հուլիսի 5-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Միջադեպից հետո Լաշքարավան մի քանի օր անցկացրել էր հիվանդանոցում, որից հետո դուրս էր գրվել: Նրան մահացած են հայտնաբերել իր բնակարանում։
Բողոքի ակցիային մասնակցել են լրագրողներ, որոնք պնդում են, որ հենց սեռական փոքրամասնությունների համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ «Արժանապատվության երթ» կոչվող միջոցառման անցկացման աննպատակահարմարության մասին Ղարիբաշվիլիի հայտարարությունն է ագրեսիա հրահրել: Լաշքարավայի մահվան պատճառները դեռևս հայտնի չեն, փորձաքննություն է նշանակվել: Լրագրողի դեմ բռնությունն անընդունելի է, իսկ կառավարության հրաժարականը բողոքի ալիքը մեղմելու միակ քայլն է՝ վստահ է Վրաստանի ընդդիմությունը:
Սալոմե Սամադաշվիլի («Լելո» խմբակցության անդամ) - Մեր հիմնական պահանջը վարչապետի և ներքին գործերի նախարարի հրաժարականն է. բռնությունն անթույլատրելի է: Վրաստանի կառավարությունն ուղղակի պատասխանատու է լրագրողի սպանության համար:
Գեորգի Մարգվելաշվիլի (Վրաստանի նախկին նախագահ) - Կառավարությունը, որն օգտագործելով արմատական ուժերին, ջարդեր է կազմակերպում՝ թիրախարվորելով լրագրողական համայնքին, ինչի արդյուքնում վիրավորներ և, ի վերջո, զոհ կա, պարտավոր է հրաժարական ներկայացնել:
Դավիթ Կակուլիա - Ես այսօր կանգնած եմ այստեղ իմ սպանված գործընկերոջ համար: Կառավարության շենքում բոլորը պետք է իմանան, որ լրատվամիջոցներին լռեցնելն անհնար է. նա պետք է լինի վերջին զոհը Վրաստանի ամբողջ պատմության մեջ»:
«Ալեքսանդր Լաշքարավայի մահվան հետաքննության գործին ներգրավվելու է անկախ միջազգային փորձագետ, որպեսզի որևէ հարց անպատասխան չմնա»,- կառավարության այսօրվա նիստին հայտարարել է Վրաստանի վարչապետը: Իրակլի Ղարիբաշվիլին մանրամասնել է, որ ՆԳՆ-ն ակտիվ աշխատում է. նշանակվել է փորձաքննություն: Վարչապետի խոսքով՝ ընտանիքի նախաձեռնությամբ և հեռուստատեսության ներգրավմամբ, գործընթացին ներգրավվել են անկախ փորձագետներ:
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ
Մոլդովայի խորհրդարանի ընտրությունում նախագահի կուսակցությունը ստացել է քվեների 52,53 տոկոսը՝ արձանագրությունների 99,58 տոկոսի մշակումից հետո: Երկրորդ տեղում է Կոմունիստների և սոցիալիստների ընտրական դաշինքը՝ 27,36 տոկոս արդյունքով: Բացի դրանից՝ ընտրական շեմը հաղթահարում է ևս մեկ կազմավորում՝ տարածաշրջանային Շորի կուսակցությունը, որն ստացել է 5,78 տոկոս: Քվեաթերթիկների մշակումը դեռ պաշտոնապես ավարտված չէ, սակայն հանձնաժոովի տվյալներով՝ Սանդուի կուսակցությունն ստանում է խորհրդարանի 101 մանդատից 51-ը է կկարողանա ինքնուրույն կազմել կառավարություն:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ
Հայիթիում ձերբակալվել է երկրի նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկը: Ձերբակալվածը Հայիթիի 63-ամյա քաղաքացի բժիշկ Քրիստիան Էմանուել Սանոնն է։ Ոստիկանության ղեկավարը նշել է, որ հանցագործության դրդապատճառները եղել են քաղաքական: Իրավապահ մարմինները փնտրում են ևս երկու ենթադրյալ կազմակերպիչների, որոնք կապ ունեն Սանոնի հետ, սակայն նրանց անունները չեն հրապարակվում։
ՏԻԵԶԵՐՔ Է ՈՒՂԵՎՈՐՎԵԼ ԱՌԱՋԻՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿԸ
Երեկ պատմության մեջ առաջին անգամ տիեզերք ուղևորվեց զբոսաշրջիկ: Բրիտանացի գործարար, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի «Վիրջին Գալակտիկ» ընկերության հրթիռանավը հաջողությամբ իրականացրել է 17 տարի առաջ մեկնարկած նախագիծը: Թռիչքը տևել է մեկ ժամ. գործարարին ուղեկցել են թիմի հինգ անդամներ: Բրենսոնը դարձել է տիեզերք մեկնած առաջին զբոսաշրջիկը՝ առաջ անցնելով Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսից և «Տեսլա» և «Սփեյս-էքս» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկից: Զբոսաշրջիկներն այսուհետև տիերզերք կարող են թռչել հաջորդ տարվանից: Հաճույքը կարժենա 200-ից 250 հազար դոլար. արդեն 600 մարդ հերթագրված է: