Վրաստանի կառավարությանն ընդդիմության տված ժամանակն սպառվեց: Գործադիրը հրաժարական չի տա՝ հայտարարել է երկրի վարչապետը: Երեկ Վրաստանի ընդդիմությունն ու լրագրողական համայնքը կառավարությանը հրաժարական տալու ժամկետ էին առաջարկել՝ մինչև այսօր առավոտ: Բողոքի ալիքը Վրաստանում սկսվել էր, երբ հայտնի էր դարձել TV Pirveli հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան մասին, որը ծեծի էր ենթարկվել փոքրամասնությունների դեմ հուլիսի 5-ին տեղի ունեցած ցույցերի ժամանակ: Միջադեպից հետո Լաշքարավան մի քանի օր անցկացրել էր հիվանդանոցում, որից հետո դուրս էր գրվել: Նրան մահացած են հայտնաբերել իր բնակարանում: Լուրը երեկ փողոց հանեց հարյուրավոր մարդկանց՝ ընդդիմադիր գործիչներ, լրագրողական համայնք, քաղաքացիներ: Ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը:
Երկրի վարչապետը, կառավարության նիստի ժամանակ գնահատելով լրագրողների և ընդդիմադիրների բողոքի կիրակնօրյա ակցիան, կարծիք է հայտնել, որ դա պետության դեմ դավադրության հերթական փորձն է եղել, որը կազմակերպել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու թիմը: Ցուցարարներն այլ կարծիքի են. նրանց խոսքով՝ վարչապետի խոսքերն են ագրեսիա հրահրել: Ղարիբաշվիլին հուլիսի 5-ին հայտարարել էր, որ ոչ նպատակահարմար է համարում այդ օրն «Արժանապատվության երթ» կոչվող միջոցառման անցկացումը:
Կառավարության հրաժարականի պահանջի ժամկետը լրանալուն պես ցուցարարները ներխուժել են Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճ, հանդիպում պահանջել պատգամավորների հետ: Օրենսդիր մարմնում քաշքշուկ է սկսվել, երբ ընդդիմադիր TV Pirveli հեռուստաընկերության հիմնադիր Վատո Ծերեթելին որոշել է մտնել նիստերի դահլիճ: Խորհրդարանի դահլիճում սկսված քաշքշուկը շարունակվել է խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության պատգամավորների միջև: Ընդդիմությունը խորհրդարանից պահանջել է քննարկել միայն այն հարցերը, որոնք այժմ առավել հետաքրքրություն են ներկայացնում հասարակության համար: Օրենսդիր մարմնում սկսված բախումները հետաձգել են հրավիրված արտահերթ նիստը: Այն սկսվելուց հետո, սակայն, ընդդիմությունը լքել է խորհրդարանի դահլիճը:
Մեդիակազմակերպությունների ներկայացուցիչների բողոքի ակցիան շարունակվել է օրենսդիր մարմնի հետնամուտքի մոտ: Նախքան խորհրդարան մուտք գործելը լրագրողները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, շեշտել՝ պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները՝ պահանջելով կառավարության հրաժարականը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ:
«Իշխանությունները չեն կարողանում պաշտպանել լրագրողների անվտանգությունը, իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչների հայտարարությունները բռնության են դրդում: Մենք դիմում ենք Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին` անհապաղ և արդյունավետ արձագանքել հուլիսի 5-ին Ռուսթավելի պողոտայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նպատակային հետապնդմանը, առողջությանը վնաս պատճառելու փաստերին, մասնագիտական գործունեության խոչընդոտմանը, նաև Վրաստանի իշխանությունների անգործությունը»:
Ընդդիմությունը նաև հայտարարել է՝ պատրաստվում են սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը: Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կարող է առաջ քաշել առնվազն 50 պատգամավոր: Այս դեպքում նախաձեռնողները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին: Որպեսզի անվստահություն հայտնելու ընթացակարգն ավարտվի, խորհրդարանը պետք է իր վստահությունն արտահայտի նոր կառավարությանը: Ընդդիմությունն այս պահին ունի 66 պատգամավոր: Սա բավական է անվստահության կարգն սկսելու համար, բայց բավարար չէ նոր կառավարությանը հաստատելու համար: Խորհրդարանի հարակից տարածքում ժամը 18:00-ից բողոքի ակցիաները վերսկսվել են: