Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքի 2021 թ. առաջին ծնունդն էր լինելու Արենը, ծնվեց Երևանում: Հիմա՝ 6 ամսական, պայքարում է խաղաղ քնի համար:
Գյուղի 23 տնտեսության շուրջ 80 բնակիչ, որ Հայաստանից Արցախ էին գնացել, գյուղը ադրբեջանիցներին անցնելուց հետո վերադարձել են հետ՝ Հայաստան, բայց իրենց հետ բերել են արցախյան ավանդույթներ, բաղադրատոմսեր, համ ու հոտ: Համայնքի ղեկավարի կինը՝ Լիդա Հարությունյանը, ժենգյալով հաց Հայաստանում դեռ չի պատրաստել, ասում է՝ շուտով՝ հաջորդ հանդիպմանը: Իսկ համայնքի բնակիչներով հաճախ են հանդիպում՝ այդպես կարոտը հաղթահարելը հեշտ է:
Սիրվարդ Մնացականյան - Մի շաբաթ առաջ համայքնի ղեկավարի տանն էինք:
Լիդա Հարությունյան - Կարելի է ասել՝ մեկ ընտանիք ենք եղել, իրար հետ կիսել ենք հոգսեր, լավ օրերը, ամեն ինչ՝ միասին:
Այսօրվա հանդիպման կազմակերպողը Աննա Հակոբյանն է՝ վարչապետի տիկնոջ հետ երկրորդ հանդիպմանը հիշում են առաջին հանդիպման մասին՝ իրենք դեռ իրենց գյուղում էին:
Լիդա Հարությունյան - Տիկին Աննայի հետ հանդիպել ենք նաև Սոնասարում, ներդրումներ էր արել մեր մանկապարտեզին: Հաճելի է, որ հավաքվել ենք զրուցենք, հասկանանք՝ հետո ինչ ինչ ենք անելու:
Տիկին Լիդան ամուսնու և 4 երեխաների հետ գյուղի առաջին բնակիչներից է եղել: 1994-ին են տեղափոխվել, գյուղը ավերակներից դարձրել բնակավայր, հարևանները դարձել են ընտանիքի անդամներ: Ջերմ զրույցներով հանդիպմանը մասնակցում էին նաև Հայաստանի տարբեր շրջաններում ապրող կանայք: Սոնասարի բնակիչները կորցրել են տուն ու բնակավայր, իսկ մյուս կանայք Արցախյան 3 պատերազմների ու հարաբերական խաղաղության ժամանակ կորցրել են որդիներ ու ամուսիններ:
Աննա Հակոբյան (վարչապետի տիկին) - Որ լավ է լինելու՝ դա միանշանակ, ուղղակի մենք թանկ ենք վճարում այդ լավի համար: Ձեր ցավի գնով, մեր բոլորի ցավի գնով դա եղավ, ինչը անխուսափելի էր, փաստորեն:
Մինչ մենք զրուցում էինք, Արենը քնեց: Արենի ծնողները Սոնասար տեղափոխված վերջին ընտանիքներից էին: Գյուղի 25 երեխայից 4-ը Նունեի ընտանիքում են մեծանում, 2015-ին էին գնացել Արցախ՝ ամուսնու և 2 երեխայի հետ: Այնտեղ որոշեցին՝ ևս 2-ն են ունենալու:
Նունե Մկրտումյան - 2019-ին միջնեկ տղաս ծնվեց, շատ լավ էր, ապրում էին, մանկապարտեզ հիմնվեց տիկին Աննայի շնորհիվ, լավ էր, գոհ էինք: Հետո, հետո լույս աշխարհ պիտի գար մեր փոքրիկը:
Ժպտում է՝ արցունքների միջից: Ամիսներ առաջվա խուճապը հիմա չկա, փոխարենը կա հաստատ որոշում՝ ստեղծելու են նորից ու նոր ուժերով: Չէ՞ որ Արենն արդեն խաղաղ է քնում, քնի մեջ էլ՝ երբեմն-երբեմն ժպտում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան