Առավոտից Սահմանադրական դատարանը շարունակում է ընտրության արդյունքները վիճարկող միավորված դիմումների քննությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին հարցեր են ուղղում դիմումատուներն ու դատավորները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչների հարցերը հիմնականում վերաբերել են վարչապետի պաշտոնակատարի՝ նախընտրական շրջանում օգտագործած հռետորաբանությանը:
Այս թեմայով ԿԸՀ նախագահին հարցեր է ուղղել նաև ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը:
«Ի՞նչ գնահատական կտաք լռության օրը վարչապետի պաշտոնակատարի կողմից կատարված հայտարարությանը և նշվածի հետ կապված ի՞նչ գործողություններ եք կատարել ձեր հանձնաժողովով»,- հարցրեց Խունդկարյանը:
Մուկուչյանը պատասխանեց, որ նախազգուշացում են կիրառել և կայացրել համապատասխան որոշում, որը հետագայում դատարանում վիճարկման առարկա դարձավ:
«Մենք դա դիտել էինք որպես լռության օրվա կանոնի խախտում, կիրառել էինք նախազգուշացում, հետագայում դատարանը ոչ իրավաչափ համարեց մեր դիրքորոշումը»,- ասաց Մուկուչյանը: