Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել ռուսների ու ուկրաինացիների պատմական միասնության մասին: Այն հրապարակվել է Կրեմլի կայքում: Ավելի վաղ քաղաքացիների հետ վերջին ուղիղ կապի ընթացքում Պուտինը խոստացել էր, որ վերլուծական հոդված կգրի Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդներին համարում է մեկ ամբողջություն: Պուտինը հույս է հայտնել, որ իր հոդվածին կծանոթանան ոչ միայ Ռուսաստանի, այլ նաև Ուկրաինայի քաղաքացիները:
*****
Եվրամիությունը ևս վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: ԵՄ խորհրդի հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակումներն ընդունվել են դեռևս 2014 թ.` ի պատասխան Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած գործողությունների և ուղղված են Ռուսաստանի ֆինանսական, էներգետիկ և պաշտպանության ոլորտների գործունեության դեմ: Մասամբ արգելափակված են մի շարք բանկերի և կազմակերպությունների հասանելիությունը Եվրամիության կապիտալի առաջնային և երկրորդական շուկաներին, նավթի արդյուանհանման և հետախուզման տեխնոլոգիաներին: Գործում է զենքի և կրկնակի նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման արգելք: ՌԴ նախագահի մամլո խոսնակը հայտարարել է՝ որոշումը նորություն չէ իրենց համար: Այդպիսի որոշումները չեն նպաստում Մոսկվա-Բրյուսել հարաբերությունների բարելավմանը՝ շեշտել է Դմիտրի Պեսկովը:
*****
Եվրամիության արտաքին գործերի նախարարները կքննարկեն Աֆղանստանի ուղությամբ կառույցի գործողություններն այնտեղից օտարերկրյա զորակազմերի դուրսբերումից հետո՝ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում արտգործնախարարությունների ղեկավարներ մակարդակով ԵՄ-ի խորհրդի նիստին ժամանելուց հետո: Նրա խոսքով՝ Բրյուսելի նախարարական հանդիպմանը նաև կքննարկվի իրադրությունը Մերձավոր Արևելքում, Լիբանանում և Եթովպիայում: Նախարարները կքննարկեն նոր տեխնոլոգիաների ազդեցությունը միջազգային օրակարգի վրա և Եվրամիության արտաքին քաղաքական նոր հայեցակարգը:
*****
ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելը, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում է պահանջում, սակայն ոչ ոք նման հայտ չի ներկայացրել՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ նոր ռազմական օբյեկտների ի հայտ գալը Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում հակասում է տարածաշրջանի անվտանգության շահերին: Մեկնաբանելով The Wall Street Journal-ի՝ Միացյալ Նահանգների զորքերն Աֆղանստանից Կենտրոնական Ասիա հավանական տեղափոխման մասին հրապարակմանը, Լավրովն ասել է, որ չի կարծում, թե անվտանգության շահերից բխում է Կենտրոնական Ասիայում ամերիկյան նոր ռազմակայաններ ունենալը:
*****
Կուբայի մայրաքաղաքում և այլ բնակավայրերում աննախադեպ ցույցեր են: Կուբացիներին վրդովեցրել է տնտեսության անկումը, սահմանափակումները և իշխանությունների թերացումը` համավարակի դեմ պայքարում: Ցուցարարները պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ պատվաստման ուղղությամբ: Հնչում են կարգախոսեր՝ «Վերջ Դիկտատուրային», «Մենք չենք վախենում»: Բողոքի ալիքը բարձրացել է, երբ կիրակի հայտարարվել է կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշի մասին` 7000 վարակված և մահվան 47 դեպք: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել իրավապահների և ակտիվիստների միջև: