Երբ քաղաքը քնում է, ակտիվանում է գիշերային շուկան: Այստեղ են հանդիպում հողի մշակն ու վերավաճառողը: Հողագործի համար մեծածախ առևտուրը լավագույն տարբերակն է. ինքը աճեցնելու տերն է, մանրածախը իր գործը չէ:
Վարդան Ավետիսյան (հողագործ) - Մենք չունենք էդ ժամանակը, հազիվ մեր գործերն ենք հասցնում:
Մարինե Ավետիսյան (հողագործ) - Մենք հողագործ ենք, մենք ենք աճեցնում, առուծախ անող չենք:
Գիշերային շուկան Երևան-Արմավիր մայրուղու աջակողմյան հատվածում է՝ Ծիածան և Հովտամեջ գյուղերի վարչական տարածքներում: Գործում է կեսգիշերից հետո, սպասարկում ոչ միայն Արմավիրի, այլև հարակից մարզերի գյուղացիներին: Նախկինում այստեղ ճահճուտ էր: Հիմա քաղաքակիրթ առևտրի կենտրոն՝ բարեկարգ տարածքով, լուսավորված տաղավարներով, սպասարկող անձնակազմով:
Վարդան Միրզախանյան (գիշերային շուկայի համասեփականատեր) - Մեր անձնական միջոցներով լուսավորություն ենք արել, վճարից սկսած՝ մենք ենք անում: Ասֆալտապատում էլ՝ ամենածանր գործը, արել ենք, փոշուց մաքրվել:
Շատերն այստեղ են գալիս դաշտից, առավոտյան նորից դաշտ գնում: Հանգստանալու, մի թեթև էլ աչք կպցնելու հարմար պահը գիշերային շուկան է: Այս տղամարդն էլ Արարատի մարզից է եկել՝ իր աճեցրած միրգ-բանջարեղենի հարուստ տեսականիով: Որ բերքահավաքից անմիջապես հետո՝ հոգնած-ջարդված շուկա է հասել, հոգ չէ, ասում է՝ կարևորը արդյունքն է:
Ռուբեն Նազարյան (հողագործ) - Մեզ համար նշանակություն չունի՝ գիշեր է, թե ցերեկ, կարևորը՝ ապրանքը ծախվի:
Իսկ թե ինչու է կտրուկ բարձրացել վարունգի գինը՝ գյուղացու ասելով՝ պատճառը սեզոնն է: Ջերմոցներում վերջին բերքն են հավաքում. պետք է նոր սածիլներ դնեն, որ մինչև աշուն երկրորդ երեսը ստանան: Օրեր առաջ ջրի գնով տված վարունգը տարոնիկցի այս հողագործը հիմա 300 դրամով է վաճառում: Գոհ է:
Մերուժան Ասատրյան (հողագործ) - Տասը դրամ էինք վաճառում՝ մի 20 օր առաջ:
Պտուղ-բանջարեղենն այս տարի առողջ է, բայց շատ չէ: Որոշ տեսակներ էլ, չափազանց տաք եղանակի պատճառով սեզոնից առաջ են ընկել: Ձմերուկն, օրինակ, որ նախորդ տարիներին վաճառքի էին հանում հուլիսի վերջ-օգոստոսին, այս տարի հավաքում են հունիսից: Եթե գյուղացին ձմերուկը վաճառեր հենց դաշտից՝ օգուտը չնչին կլիներ: Մեծածախում լավ է:
Կարո Պողոսյան - Բոլորը դռան դեմից են տալիս՝ էժան, բայց ստեղ բերում ենք, կարողանում ենք մի քիչ թանկ վաճառել:
Սարգիս Գրիգորյան (վերավաճառող) - 130 դրամով ենք տանում, բայց կուզեինք մի քիչ թանկ լիներ, որովհետև մարդիկ գիշերվա 3-ին դեռ քրտինքը ճակատներին է:
Շուկայի շարժին զուգահեռ ակտիվացել է նաև հարևան Ծիածան համայնքը:
Դեռ շատ գործ կա անելու. պետք է հանգստի գոտիներ ստեղծել, տարածքը կանաչապատել. հարյուրավոր տնկիներ արդեն ձեռք են բերել: Ոռոգման հարցն էլ խնդիր չէ: Ճիշտ է՝ առուն շուկայի կողքով է անցնում, բայց իրենք խորքային հորեր են հորատել, որ ջրի խնդիր չունենան: