Հայիթիի իշխանությունները կիրակի բերման են ենթարկել ծագումով հայիթցի, ԱՄՆ 63-ամյա քաղաքացի Քրիստիան Էմանուել Սանոնին, որը, ամենայն հավանականությամբ, համակարգել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը՝ գրում է BBC-ն: Ենթադրվում է, որ նա է վարձել մարդասպաններին Կարիբյան կղզու այդ պետության նախագահին սպանելու համար:
Հունիսի սկզբին Սանոնը մասնավոր ինքնաթիռով ժամանել էր Հայիթի՝ վեց կոլումբացի պահապանների ուղեկցությամբ հեղաշրջում իրականացնելու և իրեն նախագահ հռչակելու «քաղաքական նպատակներով»,- հայտարարել է Հայիթիի ոստիկանապետը մամուլի ասուլիսում:
Վարձկան մարդասպաններն առաջինը զանգահարել են Քրիստիան Սանոնին, որն այժմ կալանքի տակ է: Նրա տանը խուզարկության ժամանակ զենք ու զինամթերք է հայտնաբերվել՝ ասել է ոստիկանապետը և հավելել, որ դավադրության մեջ ներգրավված են ևս երկու ղեկավար անձինք, որոնց անունները չեն հրապարակվել: Դեռ հայտնի չէ, թե այս մասին ինչ է ասում ինքը՝ Սանոնը: