Կուբայի մայրաքաղաք Հավանայում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել բազմահազարանոց բողոքի ցույցեր ընդդեմ երկրի կոմունիստական կառավարության:
Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատություն, ժողովրդավարություն, սոցիալական խնդիրների լուծում և իշխանությունների ավելի վճռական գործողություն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Մարդիկ իշխանություններից պահանջում են արագացնել պատվաստումների տեմպերը:
Ըստ Agence France-Presse-ի՝ ցուցարարներն օգտագործել են «կորչի բռնապետությունը» և «մենք չենք վախենում» կարգախոսները: Նրանք վրդովված են էլեկտրաէներգիայի և սննդի աճող դեֆիցիտից:
Կուբայում հակակառավարական ցույցերը հազվադեպ են լինում: Վերջին անգամ այդպիսիք եղել են գրեթե 30 տարի առաջ:
Նախագահ Միգել Դիաս-Կանելը կղզում իրավիճակը թեժացնելու համար մեղադրել է Միացյալ Նահանգներին և կուբայա-ամերիկյան մաֆիային:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը աջակցություն է հայտնել ցուցարարներին և կոչ է արել Կուբայի իշխանություններին՝ խուսափել ուժի կիրառումից:
Կուբայի կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել երկրում, անվտանգության ուժերի զորքերը և լրացուցիչ ստորաբաժանումները տեղակայվել են մայրաքաղաք Հավանայում:
Միաժամանակ, արձագանքելով Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի կոչին՝ դուրս գալ փողոց և դիմակայել սադրանքներին, կղզում հանրահավաքներ են անցկացվում՝ հաջակցություն երկրի ղեկավարության: