Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: Հարակից պատասխանող, դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը իր ելույթում անդրադարձել է առերևույթ բռնության կոչեր հնչեցնելու վերաբերյալ դիմատուների փաստարկներին, նշել միջազգային այն չափանիշները, որոնք պետք է հաշվի առնել՝ գնահատելու համար՝ հնչեցված քաղաքական խոսքը հրահրո՞ւմ է բռնություն, թե՞ ոչ։
Ըստ դատախազության ներկայացուցչի՝ ՔՊ կուսակցության ղեկավարի նախընտրական քարոզարշավի ելույթներում կարմիր թելի նման անցել է այն միտքը, որ մուրճի ցուցադրումը խորհրդանիշ է և հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ։
«Հիմք ընդունելով վերը նշված միջազգային իրավական դիրքորոշումները և դրանք համադրելով սույն իրավիճակի հետ՝ պետք է փաստել, որ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուները, մասնավորապես քաղաքական կուսակցությունների կամ դաշինքների առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և մյուսների ելույթներն իրենց ամբողջության մեջ չեն կարող համարվել բռնություն հրահրող, բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր պարունակող:
Այս դիրքորոշումը պայմանավորված է այն փաստով, որ վերջիններս ելույթ են ունեցել որպես քաղաքական կուսակցությունների կամ դաշինքի առաջնորդներ և որպես իշխանական կամ ընդդիմադիր քաղաքական կուսակցության կամ դաշինքի ղեկավար, նախընտրական հանրահավաքների և հանդիպումների ընթացքում ներկայացրել են իրենց կուսակցության կամ դաշինքի հայացքները ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, հանրային նշանակություն ունեցող քաղաքական հարցերի վերաբերյալ և հետևաբար գտնվել են ազատ խոսքի պաշտպանության ներքո և ինչպես վերջիններիս, այնպես էլ ընտրական գործընթացի մյուս մասնակիցների կողմից կատարված, վերը նշված չափանիշներին համապատասխանող նույնատիպ արտահայտությունները քրեաիրավական տեսանկյունից գնահատվել են որպես հանցակազմ չպարունակող»,- ասել է Բիշարյանը: