Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինը ռազմական գործողությունների սկզբից ի վեր աշխատում է առանց ընդմիջման: Պատերազմից 8 ամիս անց դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3797 մարմին և մասունք, որից 3000-ն անցել է նաև դատագենետիկական փորձաքննություն: Նույնականացվել է 2784 աճյուն և մասունք:
Մարինա Բաղդասարյան, ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ - 3000 չի նշանակում 3000 տարբեր մարմին: Եթե 2200 նույնականացվել է, չի նշանակում, որ 2200 տարբեր մարմիններ են եղել, դա կարող է լինել մոտ 1500 տարբեր մարմին:
Գենետիկական ճշգրիտ բնութագրերի ստացման համար դիերի և մասունքների մոտ 40 տոկոսը ենթարկվել է կրկնակի փորձաքննության: Դատաբժշկական կենտրոնի տեխնիկապես հագեցած լաբորատորիան այդ հնարավորությունը տալիս է: Մարինա Բաղդասարյանի խոսքով՝ 2020-ի հոկտեմբերից աշխատում են նոր սարքերով, ունեն նոր սեկվենատորներ:
Մարինա Բաղդասարյան - Մի գծով անում ենք ծնողների ԴՆԹ-ները, մյուսով՝ ոսկրային ԴՆԹ-ները: Ոսկրային հյուսվածքներիհ ետ աշխատող անձինք ասացին, որ ունենանք մաքուր ԴՆԹ-ներ, չունենաք կանտամինացիաներ, պետք է ունենաք երկու գիծ թե՛ քրեական, թե՛ պատերազմական գործերով:
Զոհված զինծառայողների մոտ հինգ տասնյակ մասունք, որոնք հնարավոր չի եղել Հայաստանում դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննության ենթարկել, առաջիկա օրերին կուղարկվեն Նիդեռլանդների անհետ կորածների միջազգային կենտրոն: Գործընթացն իրականացվում է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի դեմ հարուցած քրեական գործով:
Ռաֆայել Վարդանյան, ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ - Այս պահին վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ փորձաքննությունների կատարումները հանձնարարվել է ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետներին: Առավել բարդ դեպքերը, մոտ 50 վարույթ, իրականացնող մարմնի նախաձեռնությամբ որոշվել է Նիդեռլանդներում հանձնարարելու՝ հանձնաժողովային փորձաքննության համար:
Քրեագիտական վարչության պետի խոսքով՝ մասունքների տեղափոխման գործընթացն աշխատանքային փուլում է: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Նիդեռլանդների մասնագիտական կենտրոն ուղարկել մինչև 100 փորձանմուշ: Քննչական կոմիտեի ներկայացուցիչները միջազգային կենտրոնի գործընկերների հետ օնլայն քննարկել են հարցերը: Ակնկալվում է, որ փորձանմուշներն արտասահման ուղարկելուց հետո երկու ամիս անց կստացվեն պատասխանները:
Մարինա Բաղդասարյան - Մինչև ուղարկելը, մինչև վերջին րոպեն, փորձում ենք նորից ստանալ ԴՆԹ-ն: Այլ նմուշներ ենք ներառել այդ ցուցակում, որովհետև դա ինչ-որ տեղ մեր հաղթանակն է, որ կարողացել ենք դժվար նմուշներից ԴՆԹ անջատել, որոնք նախատեսված էին դուրս տանելու համար:
30 ծնող Հայաստանում արդեն փորձաքննություն անցած նմուշները ցանկացել է ուսումնասիրության ուղարկել Ավստրիա: Պատասխանը ստացվել է անցած ուրբաթ: Արտասահմանում իրականացված փորձաքննությունը հաստատել է այստեղ կատարված քննության արդյունքը:
Անդրանիկ Մարգարյան, ՀՀ ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Կոտայքի մարզային բաժնի դատաբժիշկ, փորձագետ - Բոլորը փորձաքննված են, նմուշառում կատարված:
Կոտայքի դիահերձարանը նորոգվել է, կահավորվել նոր սառնարանով: Անհրաժեշտ ջերմաստիճանի պայմաններում այստեղ հիմա պահվում է 7 զինծառայողի դի և մասունք: