Կառավարությունը 2022-2026 թթ. համար նախատեսում է ապահովել տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ: Գործադիրն արտահերթ նիստում հաստատել է 2022-2024 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի, ինչպես նաև պարտքի բեռի նվազեցման 2022-2026 թթ. ծրագրերը:
Ատոմ Ջանջուղազյան, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար - Եթե բյուջեով նախատեսված էր, որ մենք ունենանք 3.2 տոկոս տնտեսական աճ որոշակի համախառն ներքին արդյուքնի անվանական մեծությամբ, ապա այս փուլում ունեցած արդյունքով սպասվում է, որ անվանական աճը կլինի 6 տոկոս: Իսկ անվանական արտահայտությամբ ՀՆԱ-ն կլինի 6 տրիլիոն 880 միլիարդ դրամ: Դրանից բխում են նաև առաջիկա ժամանակահատվածի կանխատեսումները: Մենք երկու սցենար ենք նախատեսում. առաջինը բազային սցենարն է, ինչն արդեն ներկայացրեցի, երկրորդը՝ բարձր աճի սցենարն է, որը 7 տոկոս կայուն աճի առաջարկ է պարունակում՝ ավելի բարձր հավակնությամբ:
Իսկ դրա ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ ներդրումային քաղաքականություն՝ դրանք ուղղելով տնտեսության արտահանելի հատված, դեպի տեխնոլոգիաներ և ենթակառուցվածքներ, ապահովելով կապիտալի բարձր արտադրողականություն: Ինչ վերաբերում է հարկաբյուջետային քաղաքականությանը, ըստ Ջանջուղազյանի, այն միտված կլինի կառավարության պարտքի բեռի նվազեցմանը և երկարաժամկետ տնտեսական աճի խթանմանը:
Ատոմ Ջանջուղազյան - Ենթադրվում է, որ 2023-ից սկսած, այլ հավասար պայմաններում, նույնիսկ ոչ այս բարձր սցենարի, այլ բազային սցենար դեպքում, մենք կունենանք 60 տոկոսից ցածր պարտք՝ ՀՆԱ հարաբերակցություն:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատարին լսելուց հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ օրենքով հենց այսօր պետք է ընդունեն միջնաժամկետ ծախսերի ծրագիր: Մյուս կողմից կա նոր իրողություն:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետի պաշտոնակատար - Ընթացակարգերն այն են, ինչ ասացի: Նոր իրողությունն այն է, ինչի մասին ասել եմ ընտրություններին հաջորդած կառավարության հենց առաջին նիստին: Առաջիկայում պետք է ընդունենք կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, և մեր ողջ հետագա գործունեության հիմնարար փաստաթուղթը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը: Հետևաբար, առաջիկայում կառավարության ծրագիրը, 2022 թվականի բյուջեն, կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրն ամբողջությամբ պետք է հենված լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի վրա: Կապ չունի, թե որ գերատեսչությունները կղեկավարեն կուսակցական պատկանելիություն ունեցող անձինք, որ հատվածը կղեկավարեն անկուսակցական անձինք՝ ամբողջ պետական մարմնի ռեսուրսը պիտի կենտրոնանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի իրականացման վրա: Առաջիկա 5 տարում դա է մեր անելիքը, մենք այլ անելիք չունենք: Իհարկե, հընթացս չի բացառվում, որ կարող են նոր ծրագրեր ներառվեն:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ճկուն փաստաթուղթ է, որը պետք է այսօր ընդունել և սկսել աշխատել:
Նիկոլ Փաշինյան - Մասնավորապես, մեր նախորդ քննարկմանը ես հանձնարարական եմ տվել. շարքը, որ մենք սկսել էինք դեռևս ընտրություններից առաջ՝ դպրոցների և մանկապարտեզների շինարարությունների ընթացքն պահովելու վերաբերյալ, ակնկալում եմ, որ մինչև տարեվերջ առնվազն մի քանի տասնյակ այդպիսի նախագծեր կառավարության նիստով հաստատելու ենք և դնելու ենք իրականացման հոսքագծի վրա:
Օրակագի հաջորդ հարցով կառավարությունը որոշեց արտահանման մաքսատուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի՝ այս երկու մետաղների գները միջազգային շուկայում կտրուկ աճ են գրանցել: Պղինձը 6000 դոլարից բարձրացել է 9000, իսկ մոլիբդենը՝ 24000-ից մինչև 41000: Արդյունքում՝ հանքարդյունաբերող ընկերությունները գերշահույթներ են ստանում, իսկ բյուջեի մուտքերը միջազգային շուկայի կտրուկ բարձրացնումներից շատ քիչ են փոխվում:
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով օրինագծին, նշեց՝ այն կիրարկման ռիսկեր է պարունակում.
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար - Նպատակների հետ կապված ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, բայց այս գործիքի աշխատանքի մասով, այնուամենայնիվ, ռիսկեր ենք տեսնում:
Կառավարությունը նրա համար է, որ ռիսկերը կառավարի և երկրի շահերին համապատասխանող գործողություններ ծավալի՝ արձագանքեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան - Ես հասկանում եմ բոլոր հնարավոր ռիսկերը, և այդ օրակարգի համար ինչ օրենքի, կարգավորումների փոփոխություններ են անհրաժեշտ՝ աշխատեք իրականացել: Մեկը մյուսի հետ կապ չունի:
Գորշադիրի որոշմամբ Հայկ Գրիգորյանն ազատվեց Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից, մեկ այլ որոշմամբ՝ Կոմիտեի նախագահ նշանակվեց Արգիշտի Քյարամյանը: