Թբիլիսիում այսօր նորից հանրահավաք է հայտարարված՝ հուլիսի 5-ին դաժան ծեծված ու մահացած հեռուստաօպերատոր Լեքսո Լաշքարավայի հիշատակին ու կառավարության հրաժարականի պահանջով: Ռուսթավելի պողոտայում` Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում մեծ թվով մարդիկ են հավաքվել՝ հայտնում է aliq.ge-ն:
Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ բողոքի ցույցերը չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը և ներքին գործերի նախարարը քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնել TV Pirveli-ի օպերատոր Լեքսո Լաշկարավայի մահվան համար:
Օպերատորի մահվան կապակցությամբ Վրաստանում գործող լրատվամիջոցները համատեղ հայտարարություն են տարածել և դիմել դիվանագիտական կորպուսին:
«Վրաստանում լրագրողների, օպերատորների և լուսանկարիչների իրավունքների ոտնահարման դեպքերը մոտեցել են կրիտիկական սահմանագծին: Լրատվամիջոցների դեմ տասնյակ գործեր դեռևս քննված չեն: Իշխանություններին չի հաջողվում պաշտպանել լրագրողների անվտանգությունը»:
Կառավարության այսօրվա նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անդրադարձել է Թբիլիսիում անցկացվող բողոքի ցույցերին, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում են ոչ միայն վարչապետի հրաժարականը, այլև պատրիարքի ձերբակալությունը:
Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, իսկ հուլիսի 5-6-ը տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրել է նախկին իշխանություններին և «ռադիկալ ընդդիմությանը»: Նրա խոսքով՝ Սաակաշվիլուն չհաջողվեց իրականացնել դավադրության իր ծրագիրը: