Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Անգլիայի հետ դիմակայությունում 22-ամյա դարպասապահը հետխաղային 11 մետրանոցների ժամանակ երկու անգամ հետ է մղել մրցակիցների հարվածները՝ ապահովելով Իտալիայի երկրորդ տիտղոսը Եվրոպայի առաջնություններում։
Կիսաեզրափակչում՝ Իսպանիայի հավաքականի դեմ խաղում, իտալական թիմը կրկին հաղթել էր 11 մետրանոցներով, որտեղ Դոնարուման հետ էր մղել Ալվարո Մորատայի հարվածը:
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության լավագույն ռմբարկու՝ խփած 5 գոլով։
Եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչին, որը 67-րդ րոպեին խփել էր պատասխան գոլը։ Նա Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստն է՝ 34 տարեկան և 71 օրական։