Չի կայացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերի միջև բանակցությունը, որը պետք է տեղի ունենար Բեռլինում՝ գրում է EaDaily-ն:
Հանդիպումը հուլիսի 11-ին մեկնարկած՝ Ուկրաինայի նախագահի Գերմանիա երկօրյա այցի նախապես պլանավորված միջոցառումներից էր: Լրագրողներին չի հաջողվել գերմանական կողմից հստակ բացատրություններ ստանալ հանդիպումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ, որի ժամանակ նախատեսված էր քննարկել Դոնբասի իրավիճակը: Գերմանիայի ՊՆ խոսնակն ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ այցի ընթացքում տեղի են ունեցել ժամանակացույցի վերապլանավորումներ, և այցը չի կայացել կամ չի կայանալու:
Корреспондент.net կայքը, հղում անելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմին, հայտնել է, որ Գերմանիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հետ Զելենսկու հանդիպումը նույնիսկ պլանավորված չի եղել այցի շրջանակում:
Ուկրաինայի ղեկավարն արդեն հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, այսօր սպասվում էր նրա հանդիպումը կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ընթրիքի ժամանակ Զելենսկին մտադիր է կրկին բարձրացնել «Հյուսիսային հոսք 2»-ի թեման: