44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված կամ բնակարան կորցրած արցախցիների համար նոյեմբերից գործում է բնակելի տան վարձավճարի փոխհատուցման ծրագիրը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այն իրագործում է անժամկետ, մինչև շահառուներն ապահովվեն բնակարաններով:
Վաչե Վարդանյան (Արցախի ՏԿԵՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատու) - Ստեփանակերտի դեպքում մեկ սենյակի համար՝ 40 հազար դրամ, երկու սենյակի համար՝ 50 հազար դրամ, երեք սենյակի համար՝ 60 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր սենյակի համար գինը բարձրանում է 10 հազարական դրամով: Իսկ շրջանների դեպքում գինը 10 հազար դրամ պակաս է, այսինքն՝ մեկ սենյակի համար՝ 30 հազար դրամ, երկու սենյակի համար՝ 40 հազար դրամ:
Բնակվարձի փոխհատուցման պետական ծրագրից Արցախում այժմ օգտվում է 2 հազար 398 քաղաքացի կամ ընտանիք: Բնակարանների քչության պատճառով, սակայն, անհրաժեշտություն է առաջացել 2020-ի դեկտեմբերին Արցախում ևս ներդնել Հայաստանի կառավարության հյուրընկալության ծրագիրը: Օկուպացված Ակնաղբյուրից Կամո Իսաբաբյանի ընտանիքը հյուրընկալվել է այս բնակարանում:
Կամո Իսաբաբյան (տեղահանված) - Մեկ չափահաս քաղաքացու հաշվով պետությունը հյուրընկալող սեփականատիրոջն Արցախում տրամադրում է 45 հազար, Հայաստանում՝ 30 հազար դրամ:
Ի դեպ, աջակցության ծրագրից նաև օգտվում են պատերազմի ընթացքում ավերված տների բնակիչները:
Արաքսյա Գրիգորյան (Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի օգնական) - Տանտերերը, ովքեր իրենց ենթակայության տակ, իրենց սեփականության իրավունքով պատկանող գույք ունեն, տրամադրեցին տեղահանված մեր քաղաքացիներին, և այդ առումով, որպես փոխհատուցում, որպես վարձակալության վճար, պետությունը հանձն առավ վճարել այդ սեփականատերերին:
Եթե դեկտեմբերին պետական ծրագրով Արցախում և Հայաստանում հյուրընկալվել է 14 հազար 450 քաղաքացի, ապա ապրիլին այդ թիվը հասել է 10 հազար 680-ի: