«Վարդավառ սահմանին» տոնակատարությունը սահմանամերձ Կոռնիձորում ներկայացվեց ծիսական բոլոր ավանդույթներով: Կազմակերպիչների խոսքով՝ բնակավայրը ընտրելիս ուսումնասիրել են Կոռնիձորի պատմությունն ու հաշվի են առել համայնքի ակտիվությունը:
Կարապետ Թոմիկյան («Դեպի Համայնք» ՀԿ նախագահ) - Ուսումնասիրել ենք Կոռնիձորի պատմությունը: Պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է և այս պահին էլ համարվում է Հայաստանի ամենակոլորիտային, մշակութային գյուղերից մեկը: Եվ մենք հպարտ են նաև նրանով, որ սա անմիջապես սահմանին կպած գյուղ է, և պետք է ապացուցենք, որ հայրենիքը սկսում է սահմանից և ոչ թե կենտրոնից:
Ժողովրդական տոնին «համ ու հոտ» հաղորդեցին թեմատիկ տաղավարները, որտեղ ներկայացված էին Սյունաց բարիքները՝ Գորիսի մեղրը, պանիրը և ավանդական ժենգյալով հացը:
Դեռևս վաղ ժամանակներում Վարդավառի տոնակատարությունը սկսել են լարախաղացի պարով, միջոցառման կազմակերպիչները չեն անտեսել նաև այս ծիսակարգը: 74-ամյա լարախաղացի ներկայացումը հիացնում է բոլորին՝ մանուկ թե մեծ:
Արգինա Օհանյան (Կոռնիձորի գյուղի բնակիչ) - Շուտով 70 տարեկան եմ, բայց փոքր ժամանակ էի տեսել քյանդրբազ-լարախաղաց:
Ալվարդ Փարսադյան Կոռնիձոր գյուղի բնակիչ - Սյունիքի մարզպետը գնահատում և կարևորում է միջոցառումը: Ըստ նրա՝ սա միասնականության ու համախմբվածության դրսևորում է:
Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Կոռնիձորցիները ՀՀ-ի տարբեր մարզերից եկել են իրենց պապական գյուղ: Սա կարոտ է գյուղի հանդեպ: Ես՝ որպես մարզպետ, շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին այս լավ միջոցառման համար: Սա մեծություն է, սա հայրենասիրություն է, սա արիություն է, սա միասնականություն է:
Միջոցառումը հետաքրքրել ու Սյունիք է բերել Երևանից ժամանած հյուրերի:
Սվետլանա Գրիգորյան (միջոցառման մասնակից) - Շատ գովելի է, որ նման միջոցառումներ են կազմակերպում հենց սահմանամերձ գյուղերում:
Երկօրյա միջոցառումը հագեցած էր ավանդական երգ ու պարով, ժողովրդական խաղերով: Դրանց հաջորդեցին ուխտագնացությունն ու շրջայցը Կոռնիձորում: «Սահմանապահ գյուղերը երկրի դարպասն են,- ասում են միջոցառման կազմակերպիչները,- մենք պարտավոր ենք նրանց կողքին լինել»:
Վիկտորիա Հովհաննիսյան (Կոռնիձոր գյուղի բնակիչ) - Գյուղը ծարավ ունի նման միջոցառումների:
Հայաստանի տարբեր հատվածներից այստեղ եկած 500-ից ավելի այցելուներին կազմակերպիչները խոստացան՝ նախաձեռնությունը շարունակական կլինի:
Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան