Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պատի վրա բարձրացած և խաչի շուրջ բարձր երաժշտության տակ պարող երեք քաղաքացուն՝ հաղորդում է РИА Новости-ն
Ըստ թուրքական լրատվամիջոցների նրանք հարբած են եղել:
Համացանցում հայտնված միջադեպի տեսանյութը արժանացել է Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։
Հայկական եկեղեցու նկատմամբ անհարգալից դրսևորմանն է անդրադարձել Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Այս մասին Փայլանը գրառում է արել Twitter-ում:
«Դատապարտում եմ նրանց, ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսևորել Քադըքյոյում գտնվող մեր եկեղեցու նկատմամբ, և նրանց, ովքեր դա թույլ են տվել»,- գրել է նա:
Փայլանը պահանջել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն սկսի դեպքի վայրում ներկա եղած և անգործության մատնված ոստիկանների դեմ: Ըստ ականատեսների՝ սրբավայրն անարգող քաղաքացիների նկատմամբ ոստիկանները միջոցներ չեն ձեռնարկել:
Թուրք երիտասարդների այդ արարքը դատապարտել է նաև երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը: «Մենք դատապարտում ենք Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքը: Մզկիթների, եկեղեցիների, սինագոգների դեմ ուղղված նման գործողությունները անհարգալից վերաբերմունք են բոլորի նկատմամբ, մենք դրանք համարում ենք սադրանք»,- գրել է Չելիքը Twitter-ում: