Վերջին անգամ Շորժա-Վարդենիս միջպետական ճանապարհը վերանորոգվել էր 1970-ականներին։ Նախորդ տարվանից մեկնարկել են դրան նոր տեսք ու որակ հաղորդելու աշխատանքները: 2020-ի ամռանը վերանորոգվել է ճանապարհի 19-39-րդ կմ հատվածը: Այս տարի պետական միջոցների հաշվին հիմնանորոգվում է 39-ից մինչև 60-րդ կիլոմետրանոց հատվածը:
Հրանտ Մինասյան (Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներ) - Սա միջպետական ճանապարհ է, կապում է իրար Ճամբարակը, Վարդենիսը, Շորժան: Տուրիստական առումով նորից օգուտներ կունենանք, քանի որ անցած տարի ճանապարհի վիճակը, մեղմ ասած, վատն էր: Բացի դրանից՝ այս գյուղերի բնակիչների համար է, քանի որ հիմնական շահառուն իրենք են:
Շինաշխատանքները մեկնարկել են 15 օր առաջ: Քանի որ երթևեկը հանգիտ է, եղանակն էլ չի խանգարում, 10 օրից կավարտեն առաջին շերտի ասֆալտապատումը, որի բարձրությունը պետք է լինի 6 սմ, վերին շերտինը՝ 4 սմ:
Հրանտ Մինասյան - էս պահին շինարարական գրաֆիկից շեղումներ չունենք: Դրանք միայն դրական կողմից են: Շինարարը, կարելի է ասել, գերակատարում է իր գրաֆիկը: Նախատեսված է, որ աշխատանքները կավարտվեն աշնանը, բայց եթե էս տեմպերով գնանք, գոնե մինչև ամռան վերջ երթևեկամասը կունենանք:
20 կմ-անոց հատվածի ծրագրի պայմանագրային արժեքը 1 մլրդ 995 մլն դրամ է: Այն ամբողջությամբ ֆինանսավորում է պետությունը:
Տիգրան Հովհաննիսյան (շինաշխատանքներ իրականացնող ըներության պատասխանատու) - 12 կամուրջ ունենք նորոգելու, ջրթող խողովակներ կան ավելացված, որ պետք է նորը տեղադրենք, հների նորոգում կա: Այդ ամենը ավարտելուց հետո տեղադրելու ենք կողնակները, հետո սկսենք կահավորում, այնուհետև՝ գծանշում ու հանձնում:
Նախագծի համաձայն՝ հիմքը նախ ցեմենտով սառը վերամշակման են ենթարկել:
Հրանտ Մինասյան - Սա նշանակում է, որ նախկին հին ասֆալտը չի քանդվել կամ չի լցվել ուրիշ տեղ. դա բնապահպանական խնդիրներ է առաջացնում:
Տիգրան Հովհաննիսյան - Մի քառակուսու համար նախատեսված է 16 կգ. ցեմենտի ավելացումով 20 սմ խորությամբ խառնելով ամրացնում ենք: Այնուհետև համապատասխան ամրացումը ստանալուց հետո տեղադրում ենք ասֆալտի առաջին շերտը:
Գեղամա գեղեցկուհու երկայնքով ձգվող ճանապարհի երկու հատվածներում իրականացվում է գաբիոնային շարվածք՝ հողային պաստառը հեղեղումներից փրկելու համար:
Ռազմիկ Հայրապետյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման բաժնի համակարգող ինժեներ) - Շարվածքը ցինկապատված է, ժամկետը շատ երկար է, 20-30 տարի կարող է աշխատել: Ապահովագրել ենք լճի ալիքներից: Այսինքն՝ ճանապարհի հողային պաստառը չի քանդվելու: Նախկինում ալիքը խփում էր, և հողային պաստառը քանդվում էր, հասել էր արդեն ճանապարհի երթևեկային մասին: Ներկա դրությամբ սրանք օգնում են, որ նման բան չլինի:
Գաբիոնային շարվածքի բարձրությունը լինելու է 5 մ, առաջին հատվածում դրա երկարությունը կլինի 460, մյուսում՝ շուրջ 900 մ: Ճանապարհահատվածի երկայնքով 15 կմ մետաղական արգելափակոցներ և պլաստիկ ազդանշանային սյուներ են տեղադրելու: Միակ խնդիրը աշխատուժն է:
Տիգրան Հովհաննիսյան - Տեղացի աշխատողներ ունենք, բայց կոնկրետ աշխատուժի խնդիր ունենք, շատ քիչ են աշխատողները, համայնքներին էլ ենք դիմել, որ այդ հարցով մեզ աջակցեն, բայց դեռ նորություն չունենք:
Եթե 8-10-ը հազար դրամ օրավարձով տեղացի աշխատողներ գտնեն, Շորժա-Վարդենիս 20 կմ երկարությամբ երկրորդ ճանապարհահատվածի շինաշխատանքը ոչ թե նոյեմբերի 30-ին, ինչպես նախատեսված է, այլ շատ ավելի շուտ կավարտեն: