Արդեն չորրորդ օրն է բարձր դատարանը շարունակում է ընտրությունների արդյունքները վիճարկող միավորված դիմումների քննությունը: Նիստն սկսվեց հարցուպատասխանով, դիմումատուների՝ ԿԸՀ նախագահին ուղղված հարցերն ավելի շատ քաղաքական բնույթի էին և կրկին նույն թեմայի մասին:
Արա Զոհրաբյան, «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու - Ինչո՞ւ չեք միջամտել, երբ Նիկոլ Փաշինյանը նման հռետորաբանությամբ քարոզչություն էր իրականացնում, ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկել:
Տիգրան Մուկուչյան, ԿԸՀ նախագահ - Երեկ այդ հարցին պատասխանել եմ, երևի չեք եղել, չեք լսել: Պատասխանը հետևյալն է՝ միջամտության այն ձևը, որն ուներ հանձնաժողովը, արտահայտվել է ձեր դիմումով կայացված որոշմամբ:
Այս բնույթի հարցերը հիմնականում կրկնվում էին: Մուկուչյանն էլ կոչ էր անում ի գիտություն ընդունել իր արդեն տված պատասխանները: «Հայոց հայրենիք» կուսակցությունն էլ տեղամասերում վերահաշվարկից հետաքրքրվեց:
Արտակ Գալստյան, «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ - Ինչո՞ւ եք 83 տեղամասում վեչահաշվարկ արել, որից հետո կագնել եք ու չեք շարունակել:
Տիգրան Մուկուչյան - Ավելի քիչ թվով դիմումներ են եղել, ուսունասիրվել են արձանագրություններն ու որտեղ առաջացել են թվային սխալներ կամ անհամադրություն, դա հիմք է եղել վերահաշվարկի համար:
ԿԸՀ նախագահին հարցեր ուղղեց նաև գործում որպես երրորդ անձ ներգրավված ՔՊ կուսակցության ներկայացուցիչը: Ռուստամ Բադասյանը մեջբերեց ձախ կողմում նստած քաղաքական ուժերի դիմումներում առկա պնդումները, որոնք, ըստ նրանց, վկայում են ընտրախախտումների մասին: Դրանց մի մասը, ըստ ուժերի, զինվորականների ուղղորդված քվերակության մասին է, այդպիսի տեղամասերը դիմումներում արձանագրված են ու դրանց հղում անելով Բադասյանը Մուկուչյանից հետաքրքրվեց՝ որևէ մեկով բողոքարկում եղե՞լ է:
Տիգրան Մուկուչյան - Բողոքարկում չի եղել:
ԿԸՀ-ից հետո հերթն արդեն դատախազությանն էր: Նախընտրական շրջանում, նաև բուն ընտրության օրն իրավապահ մարմինը 861 հաղորդում է ստացել: Դրանցում տեղ գտած փաստերի ստուգմամբ՝ 60 քրեական գործ է հարուցվել՝ 26-ն ընտրակաշառք տալու, ստանալու հոդվածներով:
Դատախազության ներկայացուցիչն անդրադարձավ նաև ՍԴ-ում արտահերթի արդյունքները վիճարկող բոլոր քաղաքական ուժերի դիմումներում շեշտադրված հարցին, դրանք վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից բռնության կոչեր հնչեցնելու մասին են: Կարեն Բիշարյանն ընդհանուր գնահատեց, մեջբերեց միջազգային իրավունքից հատվածներ ու բացատրեց՝ այդ կոչերը չեն կարող համարվել բռնություն հրահրող, քանի որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը ելույթ են ունեցել որպես քաղաքական ուժերի առաջնորդներ, ու նախընտական հավաքների ժամանակ ներկայացրել են իրենց հայացքները:
Երևանի դատախազն էլ անդրադարձավ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների համակիրներին նախընտրական շրջանում բերման ենթարկվելու փաստերին: Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ Դատախազությունը պարտավոր է ստուգել բոլոր ահազանգերը, այդ թվում՝ անանուն: Երևույթը քաղաքական հետապնդման նպատակ չէր կարող ունենալ, ինչպես պնդում են դիմումատուները՝ վստահեցրեց նա:
Հարակից պատասխանողներից հաջորդը ոստիկանությունն էր: Արա Ֆիդանյանն անդարադարձավ վարչական ռեսուրսի կիրառման հարցին և նկատեց՝ ոստիկանությունն աշխատել է հավասար՝ բոլոր քաղաքական ուժերի համար: Օրինակով ցույց տվեց՝ հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագրի» հանահավաքին հասարակական կարգն ապահովող 700 ոստիկան է եղել, նույնքան նաև հաջորդ օրը:
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը: Ըստ Տիգրան Հակոբյանի՝ նախընտրական շրջանում կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել 90 րոպե անվճար քարոզչական նյութեր հեռարձակել, բայց 12 կուսակցություն օգտագործել է ընդամենը 4-30 րոպեն: Սա հանձնաժողովի նախագահը տարօրինակ է համարում՝ հատկապես քաղաքական ուժերի բողոքներին ֆոնին, թե սահմանափակվել է նրանց ներկայությունը Հանրային հեռուստատեսությունում:
Սա անվճար եթերի մասին: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին հավասար լուսաբանելուն, Հակոբյանը փաստեց՝
Տիգրան Հակոբյան, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ - Ամենաբալանսավորված եթերային քաղաքականությունը հենց Հանրայինն է իրականացնում, մինչդեռ, ըստ հանձնաժողովի նախագահի, առանձին հեռուստաընկերություններն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով անհամաչափ են անդրադարձել ընտրապայքարին մասնակող քաղաքական ուժերին:
Հակոբյանն ընդգծեց ևս մեկ կարևոր փաստ, որ 2012-ից սկսած առաջին անգամ հանձնաժողովը միջազգային կազմակերպություններից, ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերից ու ՀԿ-ներից բողոքներ չի ստացել, որ հեռարձակողները օրենք են խախտում: