Հուլիսի 11-ին, Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ, ճանապարհային ոստիկանությունը մարզերում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ճանապարհային ոստիկանության ուժերը կենտրոնացած էին հատկապես հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում։
Մեկ օրում ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողների միջոցառումներով հայտնաբերվել են բազմաթիվ օրինախախտ վարորդներ։ Տարբեր խախտումների համար կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1019 արձանագրություն։
Չնայած բազմաթիվ հորդորներին ու զգուշացումներին՝ այդուհանդերձ մտահոգիչ էր, որ գտնվել են վարորդներ, որոնք մեքենան վարել են անսթափ վիճակում՝ վտանգելով իրենց, ուղևորների ու երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Հայտնաբերվել է ոչ սթափ 124 վարորդ, որոնցից 33-ը տեղում՝ 1 տարի ժամկետով զրկվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ 32 վարորդ մեքենան վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 83 մեքենա չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր, 2-ն առանց համարանիշի էին, մեկն էլ՝ փոխարինված համարանիշով։ Հայտնաբերված խախտումներից 14-ով նախապատրաստվում են նյութեր՝ նախաքննական մարմին ուղարկելու համար։
Վարդավառի օրը մարզերում և հանգստյան գոտիներ տանող ճանապարհներին նաև ճանապարհային ոստիկանության ծառայության շնորհիվ ողբերգական ելքով որևէ լուրջ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել։