ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Կառավարությունը որոշեց արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ:
«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության ընդերքը պետական սեփականություն է, միջազգային շուկաներում պղնձի և մոլիբդենի գներն ավելի քան 50%-ով աճել են անցած տարվա միջին գների նկատմամբ, ներկա ռոյալթիների գանձման համակարգը չի ապահովում այսպիսի շահույթների արդար բաշխումը ՀՀ քաղաքացիների ու հանքաարդյունաբերողների միջև, ինչպես նաև այն, որ մեր պետության առջև կան լուրջ մարտահրավերներ, որոնց հնարավոր է դիմագրավել հավելյալ ռեսուրսներով, այսօր ՀՀ կառավարությունը որոշեց արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ, որի արդյունքում արտահանման ծավալների պահպանման դեպքում ՀՀ պետբյուջեն կստանա լրացուցիչ 30-35 մլրդ դրամ 2021 թվականի ընթացքում»,- գրել է Քերոբյանը։