Շաբաթվա սկզբին տևական և, ըստ երևույթին, նաև տանջալից լռությունից հետո Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպությունն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին: Ավելի կոնկրետ՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդես եկավ հայտարարությամբ, որը Հայաստանում, մեղմ ասած, տարակուսանքի առիթ դարձավ: Զասը հայտարարեց, թե Սյունիքի սահմանին և Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական ուժերի առաջխաղաղացումն ու հրաժարումը՝ լքել Հայաստանի ինքնիշխան տարածքը, ՀԱՊԿ-ի միջամտության կարիքը չի առաջացնում, քանի որ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան սահմանային միջադեպ:
Հասկանալի է, որ նման գնահատականը Երևանում միանշանակ չընդունվեց: Եվ մտահոգության հիմնական պատճառն այնքան այն չէր, որ Զասի հնչեցրած միտքը կապ չուներ ստեղծված իրավիճակի հետ, որքան հանգամանքը, որ նմանատիպ հայտարարությունները Բաքվի կողմից կարող են ընկալվել որպես սադրանքներ կազմակերպելու առիթ:
Արմեն Գրիգորյան (ՀՀ ԱԽ քարտուղար) - Որոշ հայտարություններ, որ հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է՝ ազդեն խաղաղ գործընթացի վրա:
Կոնկրետ Զասի հայտարարությո՞ւնն էր պատճառը, թե՞ ուղղակի համընկնում էր, սակայն ադրբեջանական սադրանքն իրեն երկար սպասել չտվեց: Հուլիսի 6-ին Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական կողմը դիմել է գործողությունների, որոնց արդյունքում սկսված փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է մեկ հայ և երկու ադրբեջանցի զինծառայող: Իրավիճակը, այնուհանդերձ, հաջողվեց կայունացնել, սակայն ՀԱՊԿ-ի նկատմամբ հանրային վերաբերմունքում առաջացած նստվածքն իր մասին դեռ երկար կհիշեցնի: Ասենք՝ այս դեպքում նույնպես երկար սպասելու կարիք չեղավ: Հայաստանի սահմաններին տեղի ունեցած միջադեպին գրեթե զուգահեռ ՀԱՊԿ մեկ այլ անդամ՝ Տաջիկստանը, պաշտոնապես խնդրեց կազմակերպությանը օգնել ուժեղացնել տաջիկա-աֆղանական սահմանի անվտանգությունը՝ դիմումը պայմանավորելով Թալիբան շարժման ակտիվացման և թալիբ զինյալների՝ ընդհուպ Տաջիկստանի սահմանին մոտենալու հանգամանքով: Սա Հայաստանի հանրային դաշտում ոչ պակաս սուր արձագանք գտավ, քան Զասի հայտարարությունը: Ճիշտ է՝ կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, երբ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ի միացյալ զորախմբի միջամտության կարիք այս պահին չկա, սակայն կարելի է քննարկել Տաջիկստանին նյութատեխնիկական օգնություն տրամադրելու հարցը:
Այսուհանդերձ, հարկ է ընդգծել, որ ՀԱՊԿ-ի թեման դարձավ մի շարք վերլուծությունների առարկա, և վերլուծաբաններից շատերը պնդեցին, որ կազմակերպության նման պահվածքն արտառոց չէ՝ համենայնդեպս այն տեսանկյունից, որ քանի դեռ չի փոխվել կազմակերպության մոդելը, ՀԱՊԿ-ից մեծ ակնկալիքներ ունենալ չարժե: Սրանից բացի՝ պնդումներ եղան, որ ՀԱՊԿ-ի ներսում կա ոչ այնքան ակնհայտ կոնսենսուս, համաձայն որի՝ մասնավորապես Հարավային Կովկասում անվտանգային խնդիրների առաջացման դեպքում կազմակերպությունը չի խառնվում՝ միջամտելու առաքելությունը վստահելով Ռուսաստատնին: Այս պնդումը որոշակիորեն ակնհայտ դարձավ արդեն վերջին մի քանի օրվա ընթացքում, երբ պաշտոնական Երևանը հայտարարեց, թե Մոսկվայի հետ բանակցություններ են ընթանում Վերին Շորժայի և Սև լճի տարածքներում ռուս սահմանապահների տեղակայման ուղղությամբ: Իսկ եթե բանակցությունները հաջող ընթացք ունենան, ապա ադրբեջանական զինված ուժերը հետ կքաշվեն տեղակայման այն վայրերը, որոնցից դեռևս մայիսի 12-ին ներխուժել էին Հայաստանի ինքնիշխան տարածք: