Սահմանադրական դատարանում Ազգային Ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքների վիճարկման միավորված դիմումի քննության երրորդ օրը մեկնարկեց «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի հարցուպատասխանով: Կուսակցությունը դիմումում ներկայացրել էր մի շարք խախտումներ:
Դրանցից մեկը, օրինակ, վերաբերում էր ընտրատեղամասում քվեաթերթիկները չհրկիզվող պահարանում չպահելու փաստին: Դատավորներից Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց, թե դիմումատուի գնահատմամբ՝ նման դեպքերն ի՞նչ ծավալի ազդեցություն են ունեցել ընտրության արդյունքների վրա:
Ի պատասխան՝ Գալստյանը հայտարարեց՝ գոյություն ունի օրենք, և եթե խախտում է տեղի ունեցել, ապա գործընթացը չի կարող վավեր համարվել:
Արտակ Գալստյան («Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ) - Այսօր Բարձր դատարանում վիճարկվում է ընտրական գործընթացի ամբողջ օրինականության խնդիրը: ՀՀ Սահմանադրությունը հստակ է ասում, որ ցանկացած պետպաշտոնյա իրավունք ունի կատարել արարքներ, որոնց համար լիազորված է օրենքներով: Ինձ համար որևէ գործընթաց, եթե կատարվում է, օրենքի խախտմամբ, չի կարող համարվել օրինական:
Կուսակցության ներկայացրած ևս մեկ խախտում վերաբերում էր ընտրաթերթիկների վրա ընտրության անցկացման կարգի մասին տեղեկության բացակայությանը: «Հայոց հայրենիքը» նաև մատնանշել է, որ չորս ընտրատեղամասում որոշ ժամանակ բացակայել է 12-րդ ընտրաթերթիկը:
Բարձր դատարանը հետաքրքրվեց՝ ո՞ր ընտրատեղամասերի մասին է խոսքը: Գալստյանը խոստացավ ճշտել և ներկայացնել:
«Հայոց հայրենիք»-ից հետո դիմումը ներկայացրեց «Պատիվ ունեմ» դաշինքը:
Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ինը թեզ նախընտրական փուլում խախտումների մասին: Բարձր դատարանում Հարությունյանը հայտարարեց, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորողի ելույթները պարունակել են ատելության խոսք և բռնության կոչ, ինչը ճնշել է քաղաքացիների ընտրելու ազատ իրավունքը:
Նա Նիկոլ Փաշինյանի ելույթներից մեջբերումներ արեց:
Դավիթ Հարությունյան («Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ) - 2018 թվականից հետո հեղափոխության տված հնարավորությունից օգտվելով, ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են Տրոյական ձիու դերակատարում: Այո՛, տվեք այդ կադրային ջարդը կատարելու մանդատը, և մենք բոլորս այդ Տրոյական ձիերին դուրս կշպրտենք պետական համակարգից:
Հարությունյանը դատարանում ներկայացրեց հոգեբանի եզրակացություն, թե ինչպես կարող էին Նիկոլ Փաշինյանի ելույթներն ազդել քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա, և միջնորդություն ներկայացրեց ՍԴ հոգեբան հրավիրելու վերաբերյալ:
Դավիթ Հարությունյան - Եթե ահաբեկման նման մթնոլորտը պասիվ դարձներ մեր ընտրողներին, որոնք լինեին ընդհանուր ընտրողների թվի ընդամենը 0,2 տոկոսը, ապա ընտրության արդյունքը կփոխվեր: ՍԴ-ն պետք է գնահատի՝ արդյոք իրատեսական չէ՞ այն պնդումը, որ Փաշինյանի ստեղծած անհանդուրժողական մթնոլորտը կարող էր ազդել յուրաքանչյուր 1000 ընտրողից առնվազն 2-ի վրա այնպես, որ նրանք չմասնակցեին ընտրությանը:
ՍԴ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈԼՈՐ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՄԵՐԺՄԱՆ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, մասնավորապես, անդրադարձավ հոսանքազրկման դեպքերին: Դրանք եղել են, և բավականին շատ վայրերում: Սակայն Մուկուչյանը բացառեց, որ ընտրատեղամասերում հոսանքազրկման դեպքերը կարող էին որևէ ազդեցություն ունենալ արդյունքների վրա:
Տիգրան Մուկուչյան (ԿԸՀ նախագահ) - Քվեարկության օրը՝ ժամը 21-ի շրջանում, ունեցել են հոսանկազրկում մի շարք մարզերում:
Տիգրան Մուկուչյանը կարծիք հայտնեց, որ Սահմանադրական դատարան ներկայացված բոլոր դիմումները մերժման ենթակա են: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, մատնացույց անելով, որ միջազգային դիտորդների նախնական զեկույցներում դրական եզրակացություն է տրվել ընտրական գործընթացի բոլոր բաղկացուցիչներին, հետաքրքրվեց՝ համաձա՞յն է արդյոք Հարությունյանն այդ գնահատականների հետ: Պատասխանը բացասական էր: Բադասյանը նաև ցանկացավ մեջբերել Սերժ Սարգսյանի՝ նախկինում արած հայտարարությունը, որում, ըստ նախարարի, նույնպես ատելության խոսք կա, ինչին դեմ էր Բարձր դատարանը:
Հիշեցնեմ՝ Ազգային ժողովի` հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումները սահմանադրական դատարանի որոշմամբ միավորվել ու քննվում են մեկ նիստում:
Քննությունը սկսվել է հուլիսի 9-ին և դեռ շարունակվում է: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքով ընդունված որոշումը ՍԴ-ն կարող է թողնել ուժի մեջ, երկրորդ տարբերակով՝ կարող է անվավեր ճանաչել՝ այս դեպքում կամ սահմանելով մանդատների բաշխման նոր կարգ կամ նշանակելով ընտրությունների երկրորդ փուլ։